Մշակութային ժառանգությունն այսօր Հայաստանում հիմնականում ներկայացվում է «ցուցափեղկային հոգեբանությամբ», այսինքն՝ միայն վաճառելու նպատակով, մշակույթը «սիրունացվում», ապրանքային ու վառվռուն տեսքի է բերվում՝ ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր խնդիրը մշակութային ժառանգության մասին մեր ընկալումներն են, որոնք շատ հաճախ հասարակական ու անձնական պատասխանատվությունից դուրս են․
«Մշակութային ժառանգության գիտակցումը պետք է լիներ հանրային ու հասարակական, ժողովրդական ու լիներ յուրաքանչյուրի սեփականությունը։ Մշակութային ժառանգությունը ոչ միայն հինգհազարամյա տրեխն է, որ գտնվել է, այլ այն տունն է, որտեղ նա հենց հիմա ապրում է»։
Խորհրդային ժամանակներից ի վեր մշակութային ժառանգության պահպանման պատասխանատուն բացառապես եղել է պետությունը և այն, ինչ գնահատում և պաշտպանում է պետությունը, դա է միայն մշակութային ժառանգությունը։ Իսկ այն, ինչ մասնավոր տարածքում է՝ հին իրերը, տունը և այլն, մարդիկ որպես մշակութային ժառանգություն չեն ընկալում, այլ որպես անձնական սեփականություն՝ ասում է մշակութայնին մարդաբանը։
Նշում է, որ որպես հասարակություն՝ կարիք ունենք մշակութային ժառանգության հանդեպ պատասխանատվության, գնահատման, պահպանման մոտեցումները վերանայելու։
Խոսելով մշակութային ժառանգության պահպանման հաջողված փորձերի մասին՝ Աղասի Թադևոսյանը պատմում է ավստրիական գյուղերում բաց թանգարանների օրինակների մասին։
Դրանք ազգագրական հետաքրքիր միջավայրեր են, որտեղ ցուցանմուշներն ու իրերը կտրված չեն իրենց բնական միջավայրից։
«Բաց թանգարանի գաղափարն այն է, որ իրերին հնարավորություն տան խոսել իրենց մասին։ Ե՞րբ են նրանք խոսում կամ պատմում իրենց մասին, որպես մշակութային փաստեր։ Երբ ժառանգությունը կամ նմուշը մնում է իր միջավայրում։ Սա մշակույթի պահպանման և ներկայացման մոտեցում է, որտեղ մշակույթը մնում է իր միջավայրում և կենդանի»։
Իսկ ինչպե՞ս է հնարավոր մշակութային ժառանգության պահպանման ու ներկայացման նման մոդելները տեղայնացնել նաև մեզանում։ Կարևոր են առանց չափազանցությունների ու բացառապես գիտական մոտեցումները, որ այն դիտվի ոչ թե որպես «բիզնես պրոեկտ», այլ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու ու ներկայացնելու նախագիծ։