
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար այս տարի հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ հայտերի ընդունելությունը շարունակվելու է մինչև հուլիսի 15-ը։ Ատեստավորման կարգում կատարված փոփոխություններով ուսուցիչների ավելի մեծ շրջանակ կարող է մասնակցել գործընթացին և աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացման հնարավորություն ստանալ։
Անցած տարի կամավոր ատեստավորումը չհաղթահարած ավելի քան 760 ուսուցչից դեռ միայն 385-ն է կրկին ատեստավորվելու հայտ ներկայացրել։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը։ Այս գործընթացին չմասնակցելը կամ այն ևս մեկ անգամ ձախողելը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ՝ աշխատանքի կորուստ։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ասում է՝ այդ ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները հենց նման հետևանքը բացառելու նպատակ ունեն․
«Այն ուսուցիչները, որոնք անցած տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և չեն գրանցել բավարար արդյունքեր, այս տարի ևս պետք է մասնակցեն։ Նրանց աջակցելու համար հանրապետության 4 բուհեր իրականացնում են վերապատրաստման աշխատանքներ։ Մենք ավելի քան 760 ուսուցիչներ ենք ունեցել անցած տարի, ովքեր չեն հաղթահարել ատեստավորման պահանջվող փուլը, և նրանցից 700-ը այս տարի հայտագրվել է և մասնակցում է վերապատրաստման դասընթացների։ Դրանք պարտադիր չեն, բայց ուսուցիչներին աջակցելու նպատակ ունեն»։
Կամավոր ատեստավորման հերթական փուլին մասնակցելու համար 5000 ուսուցիչ է գրանցվել։ Այս թիվը կարող է աճել մինչև հայտերի ընդունման վերջին օրը։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացնում է՝ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում որոշ փոփոխություններ են արվել՝ այսուհետ կարող են ատեստավորվել բոլոր առարկաների ուսուցիչները, նաև դասվարները․
«Այս տարի ատեստավորմանը կարող են աշխատել նաև որևէ տեղ չաշխատող, սակայն մանկավարժի կրթություն ունեցող կամ մանկավարժի պահանջներին համապատասխանող անձինք, ովքեր կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան միավորներ ունենալու դեպքում կարող են ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցել հանրակրթական ուսումնական հաստատություններում»։
Գրանցված 5000 ուսուցչից 320-ը չի աշխատում։ Ավելի վաղ «Ռադիոլուրը» տեղեկացրել էր, որ այս տարի նաև կամավոր-պարտադիր ատեստավորում է իրականացվելու հանրապետության այն 1300 ուսուցիչների համար, որոնք, չնայած օրենքի պահանջին, աշխատում են առանց բարձրագույն կրթության։ Նրանք, ատեստավորումն անցնելու դեպքում, աշխատանքը շարունակելու հնարավորություն կստանան։ 1300-ից ատեստավորվելու հայտ այս պահին ներկայացրել է 800-ը։
«Ատեստավորվել պատրաստվող ուսուցիչները ԳԹԿ կայքում կարող են գտնել ուղեցույցներ, դրանց ծանոթանալով պատկերացում կազմել, թե ինչ թեմաների շուրջ է իրականացվելու կամավոր ատեստավորումը»։

«Գտնում եմ, որ 20 առաջադրանքն էլ, եթե խելամիտ կազմվի, բավարար է, որ մասնագետի կարողությունները վեր հանեն և բացահայտվի նրա կոմպետենտ լինելը, որովհետև այդ պարագայում 3-ժամյա ժամանակահատվածում ուսուցիչը կկարողնա ոչ միայն լուծել, այլ հետ վեադառնալ և ստուգել իր լուծածը»։
29 ավագ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Կոսյանը անցած տարի է ատեստավորվել։ Մեխանիզմից, հնարավորությունից ու իր գրանցած արդյունքից գոհ է, բայց ասում է՝ իր տարիքի համար առաջադրանքներն արագ կատարելու խնդիրներ են առաջանում։ Երբեմն էլ հնարավոր է գիտելիքով չպայմանավորված պատճառներով միավորներ կորցնել․
«Տեխնիկական պատճառներով ճիշտ պատասխանը սխալ հարցի տակ նշես և այլն․․․ դա բերում է ոչ օբյեկտիվ պատկերի, թե ինչի է արժանի ուսուցիչը։ Համենայն դեպս, հնարավորություն տրվեց, որ այդ քարացած աշխատավարձի ստանդարտները ինչ-որ չափով փոխվեն»։
ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանն էլ է ատեստավորումը դրական քայլ համարում, սակայն որոշ վերապահումներով։ Մասնավորապես, հետաքրքրվում է՝ արդյոք սա ապահովու՞մ նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ, կամ որքանո՞վ է բարձրացնում կրթության որակը․
«Արդեն 2 տարի է՝ այս ծրագիրը գործում է, բայց մեր երկրում դեռ ուսուցչի պակաս կա, դեռ ուսուցչի աշխատանքը գրավիչ չի երիտասարդների համար։ Իմ կարծիքն եմ ասում՝ պետք է շեշտակի, առանց նախապայմանների ուսուցչի աշխատավարձը բարձրացվի։ Գուցե ուսուցիչների շարքում կլինեն այնպիսիք, ովքեր արժանի չեն այդ աշխատավարձին, բայց սա մեզ կտա բարոյական իրավունք ուսուցչից ավելին պահանջելու, սա մեզ կտա ուսուցչի դերի, հեղինակության բարձրացում և ամենակարևորը՝ սերնդափոխության հնարավորություն»։
Տիգրան Սարդարյանն ասում է՝ կան դպրոցներ, որտեղ, օրինակ, մաթեմատիկայի ուսուցչի գիտելիքներն ու հմտությունները չեն բավարարում դասավանդելու համար։ Սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացնում, քանի որ վատ ուսուցիչ ունենալը գերադասում է ընդհանրապես ուսուցիչ չունենալուց։

Ոլորտային փոխնախարարը համաձայն է՝ ուսուցիչների պակաս կա։ Եվ առաջիկա տարիներին նույնպես լինելու է։ Արաքսիա Սվաջյանն ասում է՝ այս պահին դասավանդող ուսուցիչների մեծ մասը կենսաթոշակային տարիքում է կամ դրա սահմանին, և որքան էլ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները թույլ են տալիս աշխատել նաև այդ տարիքից հետո, ինչ-որ պահի նրանք դա անելու դժվարություն են ունենալու։ Իսկ ատեստավորումը աշխատավարձի խնդիրը կարգավորելու պատշաճ մեխանիզմ է համարում․
«Որևէ սահմանափակում չկա որևէ ուսուցչի համար, որ հավելավճար չի ստանում կամ ստանում է որոշ չափով, հաջորդ տարի կրկին մասնակցի և, ավելի բարձր արդյունքներ արձանագրելու դեպքում, հաջորդ հինգ տարիների համար ապահովի ավելի բարձր աշխատավարձ»։
Փոխնախարարը նաև տեղեկացնում է՝ սեպտեմբերից գործելու է ֆինասնավորման նոր համակարգ։ Եթե նախկինում դպրոցները ֆինանսավորվում էին ըստ աշակերտների թվի, ապա այժմ ֆինանսավորվելու են դասարանների քանակով։ Դպրոցի մեծությունից կախված, փոխվելու է ուսուցիչների ու տնօրենների աշխատավարձի չափը։




