Այս տարի լրանում է Էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյա հոբելյանը։ «Կարին» ավանդական երգի պարի խումբը սկսել է Լիսիցյանական շաբաթ, որի շրջանակներում նախատեսվում է 5 միջոցառում։
«Կարին» ավանդական երգի պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասում է, որ Կոմիտասը 8 պար է գրառել՝ պարագրության հետագա զարգացումները «թողնելով ավելի լավ ժամանակների»։
Եվ պարի համար «լավ ժամանակը» բերեց Սրբուհի Լիսիցյանը, որը 1940 թվականին Մոսկվայում երեք հազար տպաքանակով հրատարակեց «Շարժման գրառում․ կինետոգրաֆիա» գիրքը։
«Այս տեսակ համակարգ ամբողջ Խորհրդային միությունում և սոցիալիստական աշխարհում մինչև օրս չի եղել։ Իրենից հետո, այդ համակարգով 50 տարի նոր պարեր չգրառվեց»,– ասում է Գագիկ Գինոսյանը։
«Կարինը» իր աշակերտների հետ ստեղծել է համակարգչային ծրագիր, որը կոչել են «Կաքավագիր», որն ուղղված է հայկական պարի ապագային։ Խոսելով Սրբուհի Լիսիցյանի մասին՝ Գագիկ Գինոսյանն ասում է՝ Մոսկվայում նրան կոչում էին «հայկական Այսոդորա Դունկան», «հայոց պարերի Կոմիտաս», մենք ասում ենք հայոց պարերի խազագիր։ Հայ պարագիտության ամենահզոր հիմնասյունն է, որի շուրջ ապագան նույնպես պիտի կառուցվի։ Ցավոք, նրա գրառած պարերն այսօր որևէ կերպ չեն ուսուցանվում»։
Ինչ վերաբերում է խորհրդային պարի դպրոցին և դրա հետագա զարգացումներին, Գինոսյանը նկատում է, որ «Խորհրդային տարիներին այն, ինչ որ պետք էր, մնում էր գրքերում և փոշոտվում, իսկ այն, ինչ բեմից ներկայացվում էր, ոչ մի աղերս չուներ իրական ազգային պարի հետ»։
«Սովետահայ պարարավեստի ֆետիշացումը կինտոյացումն էր։ Մենք Եվրոպան և Ասիան հավասարակշռողն ենք։ Կովկասյան պարի վեկտորը դեպի դուրս է ուղղված, և մրցակցային է նրանց պարը, մեր պարինը՝ դեպի ներս է, խոկման ճանապարհին է, մեր պարերը սրբատաշ պատի նման են՝ ուս– ուսի, և մեր արանքով քամի անգամ պիտի չանցներ», – ասում է Գինոսյանը։
«Կարինն» այսօր գրառումներ է անում գյուղերում, վերլուծում է Լիսիցյանի գրառումները, բեմադրում է, բեմ բարձրացնում ու հետո, ինչպես Գինոսյանն է նշում, բեմից փողոց են իջեցնում։
«1968 թվականին Սրբուհի Լիսիցյանը հարց է բարձրացրել, թե ուր է գնում հայկական պարը։ Պիտի ասենք, որ իրական անաղարտ պարը գենետիկա է, ես չեմ պարում, այլ մարմնով աղոթում եմ։ Հայկական պարը էնքան իմաստուն է, որ ամեն մի շարժման մեջ բնության ներկայությունը կա, հայկական պարի յուրաքանչյուր շարժում վերցրած է կենցաղից և ծառայում է կենցաղին»։