
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանում օրեցօր ավելանում է աղանդների թիվը: Այս անգամ Միացյալ երիտասարդական լիգան հայտնաբերել է «Գեյ» քրիստոնյա եկեղեցի և «Պենտեկոստե» անունով աղանդներ: Հայտնաբերված աղանդների մասին երիտասարդները հաճախ են դիմումներ ներկայացնում դատարան, սակայն ապարդյուն: Լիգայի համանախագահների տեղեկացմամբ` Ռուսաստանից Հայաստան են ժամանել նաև մեծ թվով Եհովայի վկաներ, ովքեր ակտիվ քարոզչություն են ծավալում:
Այսօր Հայաստանում բիզնես ունենալու միակ ուղին աղանդ հիմնելն է, հայտարարում են Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը: Եթե ժամանակին ժամառաժամ նոր խանութներ էին բացվում ,ապա այսօր այդպիսի արագությամբ աղանդներն են ավելանում: Միացյալ երիտասարդական լիգան Երևանում և մարզերում օրեցօր հայտնաբերում է նոր աղանդներ և պայքարում դրանց դեմ: Վերջերս ահազանգ են ստացել Էրեբունի վարչական շրջանում երկար տարիներ գործող «Պենտեկոստե» աղանդի գործունեության մասին, որի հովիվն է Նինել Մովսիսյանը: «Պենտտեկոստե» թարգմանաբար նշանակում է հոգեգալստական, իսկ քարոզն էլ իբր քրիստոնեությունն է: Երիտասարդ լիգայի ներկայացուցիչները նկատում են, որ վերջին շրջանում աղանդների հովիվները հիմնականում կանայք են, ինչն էլ Աստվածաշունչն արգելում է:
Պենտեկոստեն համագործակցում է Հույսի տուն աղանդի հետ, որն էլ ճամբարների անվան տակ հավաքագրում է երեխաներ և զբաղվում քարոզչությամբ: Երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի խոսքով` վերջերս նորահայտ աղանդները հաստատվում են հիմնականում Էրեբունի վարչական շրջանում:
«Երևի սոցիալ-տնտեսական պայմաններն այդ համայնքում ավելի սուղ են, քան Երևանի մեկ այլ համայնքում: Հիմնականում Էրեբունի համայնքում են բնակվում շրջաններից եկած ուսանողները և այլ մարդիկ»:
Չնայած բանախոսների այն պատճառաբանությանը, որ հրապարակվող աղանդի անվանումը գովազդ կհնչի նրա հետևորդների համար, և խնդրեցին այն չհրապարակել, այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ Երևանում 2013 թվականից գործում է նաև «ԳԵՅ» քրիստոնյա եկեղեցի, որի հետևորդներից շատերը, Երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանի ձևակերպմամբ, Հիսուսին էլ են համարում համասեռամոլ:
«Իսկ այն, որ արդեն լուծարվում է Հայաստանում ամենավտանգավոր աղանդներից «Կյանքի խոսքը», երիտասարդները համաձայն չեն: Նրանց խոսքով` այն, որ աղանդի հովիվ Ուլֆ Էկմանն ընդգրկվել է կաթոլիկների խարիզմատիկ խումբ չի նշանակում, որ աղանդը վերանում է:
Տեղեկացնենք մեր հասարակությանը, որ Հայաստանում այսօր ակտիվ քարոզչություն են ծավալում Եհովայի վկաները, որոնց մի խումբ ժամանել է Ռուսաստանից և հոգեվորսությամբ են զբաղվում հատկապես մայրաքաղաքի Կիլիկիա թաղամասում:
Ամեն անգամ հայտնաբերված աղանդների մասին դիմում-բողոքները երիտասարդները ներկայացնում են դատարան, սակայն ապարդյուն: Սակայն լինում են դեպքեր, երբ աղանդից դուրս գալու և որևէ աղանդի հետևորդ դառնալու կանխարգելիչ միջոցառումներն արդյունք են տալիս:




