ԿարևորՔաղաքական

Ձեռքբերո՞ւմ, թե՞ թղթի վրա մնացող հերթական կոչ․ փորձագետները՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

Լաչինի միջանցքին առնչվող հերթական կոշտ բանաձևն է ընդունվել միջազգային հերթական կառույցում։ Քվեների 48 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ ԵԽԽՎ–ն արձանագրել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, կոչ է արել Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի 21-ի վճիռը։ Հերթական բանաձևը ձեռքբերո՞ւմ, թե՞ թղթի վրա մնացող հերթական կոչ, որը Բաքուն դարձյալ անտեսելու է։ Փորձագետները փաստաթղթի կշիռը չեն թերագնահատում, բայց նաև հիշեցնում են շատ ավելի ծանրակշիռ կառույցի՝ Հաագայի դատարանի՝ արդեն 6 ամիս չկատարվող վճիռը։

«Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» վերտառությամբ բանաձևը ԵԽԽՎ ընդունեց՝ մերժելով Ադրբեջանի պատվիրակների առաջարկած 60 փոփոխությունները։

«Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ»,– ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Բանաձևի տեքստում կա առնվազն 7 կոչ, ափսոսանք, մտահոգություն ու  անհանգստություն։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց ավելորդ երկարաձգման կատարել 2022 թ․ դեկտեմբերի 21-ին կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները և 2023–ի փետրվարի 22–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Հերթական բանաձևը ձեռքբերո՞ւմ, թե՞ թղթի վրա մնացող հերթական կոչ, որը Բաքուն դարձյալ անտեսելու է։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ զուգահեռներ է տանում  Հաագայի արդարադատության դատարանի՝ արդեն 6 ամիս չկատարվող վճռի հետ։

«Լավ են արել, իհարկե, ընդունել են: Դա նրանց պարտավորությունն է, որպես կառույց, որի անդամ Ադրբեջանը ոտքով, ձեռքով ու ամեն ինչով տրորում է այն արժեքներն ու նորմերը, որ սահմանված են այդ կառույցի անդամների համար: Ինձ կհետաքրքրի, երբ ԵԽԽՎ կդնի Ադրբեջանին անդամությունից զրկելու հարցը: Դա կլինի գործ, իսկ մնացյալը՝ զեղում»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կիսում է այս  կարծիքը․ «Այո, ես դա իմիտացիա եմ համարում։ Իշխանությունն էլ շատ լավ գիտի, որ այդ միջազգային գործիքակազմը չի աշխատելու։ Գործուն աջակցություն Հայաստանին կարող է լինել միայն մի պարագայում, Լաչինի միջանցքի խնդիրը կարող է լուծվել միայն մի պարագայում, եթե արևմտյան պետությունները կամ կազմակերպությունները որոշեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Եթե նման բան չկա, բոլոր հայտարարությունները, բոլոր դատապարտող տեքստերը ավելի թույլ նշանակություն ունեն, քան Հաագայի դատարանի որոշումը»։

Մինչդեռ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը հիմնավորումներ է տեսնում Ադրբեջանին «զուսպ» ճնշելու Արևմուտքի քաղաքականության մեջ։

«Այդ բևեռները ՀՀ–ին օգնում են այնքան, ինչքան օգնում են։ Ավելի շատ չեն ճնշելու, որովհետև ավելի շատ ճնշելու դեպքում կա վտանգ, որ Ադրբեջանը կարող է ձևաչափից հրաժարվել և «նստել» Ռուսաստանի գիրկը։ Դրա համար Ադրբեջանին որոշակի իմաստով չափավորել են, շատ չեն ճնշում, որպեսզի պահեն այս բանակցությունների գործընթացի մեջ։ Սա ժամանակ է, որի ընթացքում ՀՀ–ն խելքը գլուխը պետք է հավաքի։ Եթե մենք որպես ժողովուրդ և պետություն հորանջելու ենք այս ընթացքում, գործ չեն անելու՝ բանակ, տնտեսություն, ոչ մի խաղաղություն, ոչ մի բան էլ չի լինի։ Սա երկար գործընթաց է, մենք պետք է դիմանանք»։

Քաղաքագետը համոզված է, որ այս փուլում Ադրբեջանը, ըստ էության, փակուղային վիճակում է, և ինքն է ելքեր որոնում։

«Որովհետև ՀՀ–ն, որքան էլ ցավալի է մեզ համար, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել է։ Ըստ էության՝ Ադրբեջանն  այլևս արգումենտ չունի։ Դրա համար ավելի վատ դրության մեջ է բանակցային ձևաչափերում, քան մենք։ Փորձում է ճողոպրել, ամեն անգամ ինչ–որ պատրվակներ ու պատճառներ բերել։ Դրա համար հիմա Ադրբեջանին Արևմուտքը, կոնկրետ ԱՄՆ–ն, ասում է, որ այլևս ոչ մի շանս չունի չգնալու բանակցությունների և «Խաղաղության պայմանագրի»։ Հիմա դրա համար Ադրբեջանը ելք է որոնում։ Ամեն դեպքում այս աշխատանքը մենք պետք է գնահատենք, սա դրական դինամիկա է»։

Զարգացումների որոշակի փոփոխություն է ակնկալում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ ԵԽԽՎ բանաձևը համարում է դիվանագիտական հաղթանակ, Հաագայի որոշման հետ համադրելով, սակայն, կարծում է, որ իրագործման հույսերը մեծ չեն։

«Ես ոչ թե ուզում եմ թերագնահատել, այլ ուզում եմ հասկանալ, թե ով է շահառուն ու ինչպես այն պետք է կիրառվի։ Այսինքն՝ կա քաղաքական որոշում արդեն իսկ։ Ի դեմս եվրոպական հանրության՝ միջազգային ասելիքն է, որը ամփոփվել է փաստաթղթի տեսքով և պետք է «հողի վրա» ի կատար ածվի։ Բայց հիմա ո՞վ է դրա գործածության մեջ դնողը։ Նախէ սա  պետք է հասկանանք»։

Ադրբեջանի դեպքում միջազգային վճռի կիրառումը հարց է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման դեպքում։ Նախօրեին արդեն պաշտոնական Երևանը ձևակերպել էր նոր նպատակ՝ միջազգային և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի օրակարգի հարց դարձնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հարցը։ ՄԱԿ–ի ԱԽ–ն ընտրվել է որպես կառույց, որը պատասխանատու է դատարանի որոշումների պարտադիր կատարման համար։ Սուրեն Սուրենյանցը իրականում չի հավատում այս ծրագրի իրականացմանը ՝ այն համարելով  թղթի վրա ձևակերպված նպատակ։ Ասում է՝ միջազգային իրավունքը տոտալ ճգնաժամի մեջ է։

«Իհարկե ոչ, որևէ ակնկալիք չունենք, որովհետև ՄԱԿ–ի ԱԽ–ն հատկապես ուկրաինական պատերազմից հետո կոնսենսուսով որևէ որոշում ընդունել չի կարողացել։ Նման հեռանկարը ուղղակի բացառված է։ Ոչ մեկի շահերից չի էլ բխում որոշումներ կայացնել։ Ռուսաստանի շահերից չի բխում, որպեսզի ստատուս–քվո չփոխվի, այսինքն՝ ռուսական ազդեցությանը ռեգիոնում ոչինչ չսպառնա, արևմուտքի շահերից էլ չի բխում, որովհետև արևմտյան որևէ երկիր ես չեմ տեսնում, որը պատրաստ է հանուն Ղարաբաղի կամ հանուն Հայաստանի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները փչացնի»։

44–օրյա պատերազմի օրերին Հայաստանը ականատես եղավ, թե ինչպես է գործում այդ կառույցը։ ՄԱԿ ԱԽ–ում ԼՂ հարցով 2 քննարկում նախաձեռնվեց, որոնք այդպես էլ  բանաձևեր չդարձան, քանի որ ԱԽ–ի անդամ երկրներից ոմանք, այդպես էլ պաշտոնապես չներկայացվեց, օգտվեցին բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

Վերադառնալով ԵԽԽՎ նոր բանաձևին նշենք, որ տեքստում կա Ադրբեջանին ուղղված կոչ՝  թույլ տալ Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ  այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ սա դժգոհության նոր ալիք կբարձրացնի և Արևմուտքի հետ առճակատվելու նոր առիթ կդառնա Ռուսաստանի համար։  

Կարդացեք նաև

Back to top button