ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնում Ադրբեջանը կփորձի ետքայլ կատարել նախնական պայմանավորվածություններից․ քաղաքագետ

Ադրբեջանը չի ընդունում արցախահայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պայմանը՝ հղում անելով իր Սահմանադրությանը։ «Reuters»-ին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բաքվի նմանօրինակ հայտարարություններն ուշագրավ են հատկապես Վաշինգտոնում սպասվող հերթական բանակցությունների ֆոնին։ Քաղաքագետները լավատես չեն։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը վաշինգտոնյան հերթական հանդիպմանը անգամ Բաքվի կողմից հետքայլ է կանխատեսում՝ նախորդ բանակցություններում արձանագրված դրական ինչ-ինչ տեղաշարժից հետո։

Բայրամովի հայտարարությունը, որ մերժում են Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել, պատասխան է Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցի քննարկման համար միջազգային մանդատ ձևավորելու Հայաստանի փորձերին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Բնականաբար, Ադրբեջանը չի ցանկանում դա դուրս հանել իր ներքին խնդիրների տրամաբանությունից։ Եվ սա գլխավոր հարցերից մեկն է, որի շուրջ համաձայնության գալ չի ստացվում տարբեր բանակցությունների ընթացքում»,–ասում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, «Reuters»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղի հայ բնակչությանը հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտության։

Բայրամովը նշել էր, որ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելու դեպքում էթնիկ հայերը կարող են խոսել և կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը, ինչպես մյուս էթնիկ և կրոնական փոքրամասնությունները:

Նա ընդգծել է, որ ավելի վաղ խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, և իբր «Բաքուն ավելի շատ է ձգտում ստորագրել փաստաթուղթը»։

Բայրամովը մատնանշել է, որ Ադրբեջանի տարածքից (նկատի ունի Արցախի Հանրապետության օկուպացված տարածքն ու մնացած հատվածը) հայկական զինված ուժերի դուրսբերման հարցը իրենք չլուծված խնդիրեն համարում:

Բայրամովը նաև հայտարարել է մինչև 2023 թվականի ավարտը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության մասին՝ ձևակերպելով.

«Եթե Երևանը դրսևորի իր կամքը, ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև որոշ գործնական քայլեր ձեռնարկի, ապա կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ»։

Ինչ գործնական քայլերի մասին է խոսում Բայրամովը. քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ հիմնական կետերը, որոնց շուրջ բանակցություններն ընթանում են՝ ըստ հայտնի տեղեկությունների, և որոնց վերաբերյալ Ադրբեջանը սպասումներ ունի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, սահմանագծման-սահմանազատման աշխատանքներն ու Արցախի հետ կապված Հայաստանի չեզոքությունը․

«Հայաստանը այն հայտարարության մեջ, որ ճանաչում է 86600 ք/կմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնուամենայնիվ, կա մեկ կետ, որի մասին Հայաստանը խոսում է։ Դա այն վերապահումն է, որ Արցախի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի, իսկ սա նշանակում է, որ անվերապահորեն Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի 86600 կմ-ը և կա այդ վերապահումը։ Դա Ադրբեջանին նյարդայնացնում է։ Ադրբեջանը գտնում է, որ հաղթողի իրավունքով իրավունք ունի պահանջելու Հայաստանից բոլոր կետերի կատարում և այդ պահանջի կատարումն էլ հենց Բայրամովի կարծիքով, Հայաստանի կողմից կամքի դրսևորում կլինի և ինչ-որ բան հնարավոր կլինի այդ դեպքում ստորագրել»։

Բանակցություններին ուշադիր հետևող քաղաքագետ ները, սակայն, լավատես չեն։ Նրանք նկատում են, որ Բաքվի գլխավոր պահանջը կատարելուց՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առանցքային տարաձայնություններ կան, ու հենց դրանք հաղթահարելու շուրջ էլ, ըստ նրանց, կընթանան վաշինգտոնյան բանակցությունները։ Ոմանք նկատում են նաև, որ գոյություն ունի անկլավների հարց, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման հարց։ Բացի այդ՝ չկա համաձայնություն, թե ո՞ր թվականի քարտեզներով է սահմանազատումը լինելու։

Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ մինչև տարեվերջ պայմանագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարություններն ընդամենը դիվանագիտական խաղեր են․

«Որևէ փաստաթուղթ մինչև տարեվերջ դժվար թե ստորագրվի։ Եթե նույնիսկ լինի ինչ-որ մի փաստաթուղթ, ապա այն լինելու է ընդամենը փոխըմբռնման մասին ինչ-որ հուշագրի տիպի մի բան, այլ ոչ թե վերջնական փոխադարձ խնդիրների լուծման փաստաթուղթ»։

Վաշինգտոնում սպասվող հանդիպումն էլ էական որևէ բան այդ առումով չի տա, ինչպես մայիսի սկզբին տեղի ունեցած քառօրյա հանդիպումները՝ կարծում է քաղաքագետը։ Ըստ նրա, սակայն, այս անգամ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքերից հանդես կգա, քան մայիսի վաշինգտոնյան հանդիպման ժամանակ էր, և դա պայմանավորված է Էրդողանի վերընտրվելով։ Քաղաքագետը նաև կանխատեսում է.

«Մի փոքր ավելին կպահանջի Ադրբեջանը և կփորձի հետքայլ կատարել բոլոր այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ նախորդ անգամ՝ մայիսի սկզբին Վաշինգտոնում համաձայնություններ են ձեռք բերվել։ Հայաստանը և ԱՄՆ-ն ևս, հուսով եմ, կփորձեն թույլ չտալ այդ ետքայլը կատարել»։  

Ավելին սպասելու հիմքեր քաղաքագետը չունի։ Նա կարծում է, որ վաշինգտոնյան հերթական գործընթացային հանդիպում կամ հանդիպումների շարք կլինի, որը կավարտվի առանց վերջնական արդյունքի։

Կարդացեք նաև

Back to top button