
Ոռոգման նպատակով այս տարի էլ Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի։ Ջրային կոմիտեն արդեն դիմել է շրջակա միջավայրի նախարարություն՝ հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու համար։ Տարին սակավաջուր է, ջրամբարները՝ դատարկ՝ արձանագրում են Ջրային կոմիտեում։ Շրջակա միջավայրի նախարարությունում գիտեն, որ ոռոգման խնդիրը սուր է, բայց նշում են, որ հավելյալ ջրառը սթրեսային է Սևանի համար։ Գերատեսչությունն առաջարկում է ոռոգման նպատակով լճից հավելյալ ջուր վերցնել հնարավոր բոլոր այլընտրանքներն օգտագործելուց հետո։
Չնայած տեղումներին՝ Հայաստանի ջրամբարները դատարկ են։ Ջրային կոմիտեում արձանագրում են՝ տարին ջրառատ էր թվում, բայց իրականում այդպիսին չէ։ Ջրային կոմիտեի փոխնախագահ Կարեն Դաղբաշյանի խոսքով՝ ջրամբարները 50 տոկոս թերլցվածություն ունեն, երեք հիմնական ջրամբարներն ու Հրազդան գետը սակավաջուր են։

«Ապարանի ջրամբարում, որի ծավալը շուրջ 90 մլն խորանարդ մետր է, այսօր ունենք 26 մլն կուտակված ջուր։ Երբ նայում ենք ջրամբարի իշխման տակ ընկած հողատարածքներին, ապա այգիների համար անգամ այս ջրաքանակը բավարար չէ»։
Ախուրյանի ջրամբարում շուրջ 250 մլն խորանարդ մետր ջուր կա։ Կուտակված ջուրն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 150 մլն խորանարդ մետրով պակաս է։ Այս ջուրն էլ 50/50 հարաբերությամբ օգտագործում է Թուրքիան։ Ոռոգման շրջանն առանց ցնցումների անցակցնելու համար միջոցառումներ են անցկացնում ՝ասում է Կարեն Դաղբաշյանը։
«Երկու թևում էլ մենք նախատեսել ենք մեխանիկական ջրարտադրության միջոցների լրացուցիչ աշխատանք։ Ունենք դոտացիոն մեխանիկական համակարգեր, որոնք չեն աշխատել, պահվել են դոտացիա։ Դրանք նույնպես պետք է կարգաբերվեն ու 2023–ին ոռոգման շրջանում լրացուցիչ աշխատանք կատարեն, ապահովեն լրացուցիչ ջրածավալ։ Հիմնականում սրանք գրունտային ջրերն են լինելու»։

Ոռոգման ջրի խնդիր կա՝ արձանագրում է Ջրային կոմիտեի փոխնախագահը՝ նշելով, որ Սևանից լրացուցիչ ջրառի կարիք այս տարի էլ կլինի։ Այդ առաջարկով արդեն դիմել են շրջակա միջավայրի նախարարություն։
«Մենք մոտավոր հաշվարկել ենք լճից ջրի բացթողումը շուրջ 70 մլն խորանարդ մետր կկազմի։ Իսկ մնացած դեֆիցիտը՝ շուրջ 45 մլն խորանարդ մետրը, պետք է լրացնենք խորքային մեխանիկական հորերի միջոցով»։
«Սևանա լճի մասին» օրենքով նախատեսված ջրառի առավելագույն սահմանաչափը 170 մլն խորանարդ մետր է։ Ջրային կոմիտեում արձանագրում են, որ ոռոգման նպատակով մոտ 55 մլն խորանարդ մետր ջուր լճից արդեն բաց է թողնվել։ Գիտակցում են՝ Սևանն ունի ռազմավարական նշանակություն, ուստի ջրի դեֆիցիտը միայն լճի հաշվին չի լրացվելու։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ իր առաջարկն ունի:
Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյան․
«Ջուրը բաց է թողնվելու ոռոգման նպատակով։ Բայց Սևանա լիճը շատ կարևոր է մեր պետության համար։ Նախարարության ուշադրության կենտրոնում է։ Մենք 70 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ կատարելու հետ կապված պարզաբանումներ ենք տվել ու նաև հաշվարկներ ներկայացրել, թե ինչ կլինի լճի հետ, եթե ավելի շատ ջրառ իրականացվի։ Միաժամանակ նշել ենք, որ նույն օրենքով նշված է, որ առավելագույն ջրառը մինչև 170 մլն խորանարդ մետր է։ Սևանա լճի բացասական հաշվեկշռի դեպքում բացառել բացասական հաշվեկշիռը»։


Եթե Սևանա լճից 170 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնվի, նույն ծավալի ջուր էլ լիճ լցվի Արփա–Սևան թունելով, ապա 2024–ի հունվարին լճի մակարդակը 0․10–0․15 մետրով նախորդ տարվա հունվարից պակաս կլինի։ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկներ է ներկայացրել ՝ գտնել այլընտրանքային միջոցներ, քանի որ ավելի շատ ջրառը սթրեսային է լճի համար։
«Իրականում, այո, հավելյալ բացթողումը պետք է լինի ամենավերջին քայլը, եթե այլ տարբերակներ չլինեն, նոր անցնենք Սևանա լճից ջրառ իրականացնելուն»։
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի ժամանակ ու ընդհանրապես հենց այնպես ջուր բաց չի թողնվում։ Հատուկ կապարակնիքը բացվում է հատուկ որոշումից հետո․ երբ ներքևում ծանրաքարշ մեխանիզմը սկսում է աշխատել, վերևում կնիքն ավտոմատ պոկվում է։ Սևան ՀԷԿ–ում անգիր գիտեն բոլոր մանրամասները․
«Սա ջրընդունիչ կայանն է, այն ձմեռը փակում ենք։ Կապարակնքում ենք, երբ ջրառի թույլտվությունը գալիս է, բոլորը ներկա են լինում, նոր կնիքը պոկվում է։ Պատկան մարմինների՝ ջրային կոմիտեի, Սևան ազգային պարկի ներկայությունը պարտադիր է։ Նրանք պետք է նայեն ու հավաստիանան, որ կնիքը տեղն է, ստորագրեն, հետո միայն այն կպոկվի։ Առանց սրա Սևանա լճից ոչ մի գրամ ջուր բաց չի թողնվի։ Եթե կնիքը չեղավ, այստեղ ինչքան մարդ կա, բոլորը կդատվեն»։
Ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից Սևան ՀԷԿ-ում հոսանք են ստանում։ Այստեղ հասնելը հեշտ չէ՝ պետք է 324 աստիճան իջնել կամ օգտվել վերելակից՝ 100 մետր ներքև գնալով։ Արդեն գետնի տակ ամեն ինչ խորհրդային տարիներն է հիշեցնում ՝ հեռախոսից մինչև վարպետների ձեռքով պատրաստված իրեր։ Խորհրդային տարիներին կառուցված ՀԷԿ-ում շինարարներն առաստաղի վրա պատուհան են թողել, որի միջոցով էլ, ըստ անհրաժեշտության, երկաթե դետալները կռունկի օգնությամբ իջեցվում կամ վերև են բարձրացվում։
170 մլն խորանարդ մետրից ավելի սպառված ջրից արտադրված հոսանքի գումարը փոխանցվում է պետական բյուջե։




