Վերնատուն

Վարդավառը՝ ժամանց, կրթություն, արժեհամակարգ․ «Վերնատուն»

Ինչպե՞ս են մեր օրերում նշվում ու վերաիմաստավորվում ավանդական տոները։ Հուլիսի 15–16–ը սահմանամերձ Կողբ համայնքում նշվելու է Վարդավառը։

«Վաղուց կար գաղափար ստեղծելու և զարգացնելու մի փառատոն, որը բացի ժամանցից միջհամայնքային ու մարզային կապեր կստեղծի, կնպաստի մշակութային, կրթական, սոցիալ–տնտեսական ու բնապահպանական զարգացումներին», – ասում է միջոցառման նախաձեռնության հեղինակ, «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը։

Ասում է՝ տոները, ծեսերն ու սիմվոլները մեծ նշանակություն ունեն, և մեր իրականության մեջ դրանք կամ անտեսվում, կամ էլ դրանց հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։

«Վարդավառը մեր ժողովրդի սիրած տոներից մեկն է, և տոնի մշակութային միջավայրը շատ հաճախ ավելի արդյունավետ է արժեհամակարգային ուղերձները տեղ հասցնելու համար», – նշում է Արման Բարսեղյանը։

Նախաձեռնության հեղինակը կարևորում է մշակույթի դերը, ասում է՝ այն հաճախ դիտվում է որպես բարի ժամանց, բայց իրականում հզոր գործիք է, քանի որ և՛ քաղաքականությունը, և՛ տնտեսությունը մշակույթի արդյունք են, և մշակույթ զարգացնելով՝ զարգացնում ենք կրթությունը, վարքագիծը, մտածելակերպն ու արժեհամակարգը։

«Վարդավառը ազատ մարդու, ազատ մտածողության մարդու տոն է։ Այն նաև թիմային աշխատանքի, միասին ինչ–որ բան անելու ուղերձ ունի, միջոցառումը ենթադրում է, որ տարբեր գյուղեր, տարբեր կազմակերպություններ պիտի միասին համագործակցեն, այդ համագործակցության արդյունքում կարողություններ են ձևավորվում։ Հետևաբար, այն կրթամշակութայի ու արժեքային բաղադրիչները շեշտադրելու և զարգացնելու մասին է», – ասում է Արման Բարսեղյանը։ Նա հուսով է, որ ապագայում Վարդավառը կդառնա տարածաշրջանային տոն, Հայաստանի այցեքարտերից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button