Շարունակվում է համացանցային «փոխհրաձգությունը». ո՞ր կայքերն են ադրբեջանական հակերների ուշադրության կենտրոնում
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Տեղեկատվական անվտանգության ապահովումը վերջին տարիներին դարձել է առաջնահերթ կարևորության խնդիրներից, հատկապես մեր երկրի համար: Համացանցային պաշտպանության հարցերով լրջորեն զբաղվում են ինչպես մասնավոր կազմակերպությունները, այնպես էլ պետական պատկան մարմինները:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը ընթանում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև համացանցում: Երկու կողմերից այս կամ այն առիթով ձեռնարկվում են այսպես կոչված հաքերական հարձակումներ, որոնց թիրախում, որպես կանոն, հայտնվում են տեղեկատվական, պաշտոնական, գործարար բնույթի կայքեր: Դեռևս կիբեռդաշտում արձանագրվող «փոխհրաձգությունները» համեմատելի են դիվերսիոն ակտերի: Համենայն դեպս, համացանցում երկարատև պատերազմ մինչ օրս չի արձանագրվել, նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ադրբեջանական հաքերների մշտական թիրախում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի voskanapat.info կայքը, որտեղ ներկայացված են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերվող նյութեր:
Հաքերներից պաշտպանվելու համար տարբեր միջոցներ կան: Քաղաքագետը նախընտրել է կրկնակի ֆիլտրերի համակարգը, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը: Ցավոք, հակահքերային պաշտպանության առումով Հայաստանում դեռ շատ անելիք կա, հատկապես կայքատերերի կողմից, որոնց մեծ մասը անուշադրության է մատնում համացանցում ներկայացվածության փաստը: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ հաքերային գործունեությունը քրեորեն պատժելի է, հիշեցնում է «Ինտեռնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Համացանցային տարածքի անվտանգությունը բխում է յուրաքանչուր օգտատերի շահերից: Ամեն դեպքում համացանցից օգտվելիս չարժե մոռանալ պաշտպանության տարրական կանոնների մասին: