ԿարևորՄշակույթ

«Ես ծնվել եմ ստեղծագործելու համար»․ նկարչուհի Ալինա Անանյան

«Մոլորված հոգիներ», «Տագնապ», «Դլե–Յաման»․ նկարչուհի Ալինա  Անանյանի ցուցահանդեսների խորագրերն են։ 10-րդը՝ «Աղոթք» խորագրով, օրերս բացվել է «Փյունիկ» զարգացման կենտրոնում։ Նկարչուհու կտավներում հույսի ու հավատի գույներ են, մարդկանց հետ երկխոսելու ցանկություն։

Ապաստարաններից ուղիղ Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումարան․ այսպես է սկսվել նկարչուհի Ալինա Անանյանի ստեղծագործական ուղին։ Արմատներով Տավուշից է, ապրել է սահմանամերձ բնակավայրում։ Ասում է՝ ծննդավայրը միշտ է օգնել ստեղծագործել։

Նկարչուհու 10-րդ ցուցահանդեսն է։ Դժվարանում  է խոսել գործերի մասին, բայց դրանցից մեկն առանձնացնում է։ Կտավը խորագրել է «Աղոթք»։

«Տեսեք՝ ձեռքերը բարձրացրել է, ընկերոջը կորցրել է պատերազմի ժամանակ, իրենք երաժիշտներ էին, ու ինքը աղոթքը շուրթերին նվագում է զուգընկերոջ համար»։

Նրա ցուցահանդեսները միշտ յուրօրինակ խորագրեր են ունեցել՝ «Մոլորված հոգիներ», «Տագնապ», «Դլե –Յաման»,  իսկ 10-րդը հենց այդ նկարի անունով  էլ  խորագրվել է՝ «Աղոթք»։

«Ես կուզեմ ժողովրդի աչքերում տեսնել ոչ թե արտասուք ,այլ ուրախություն։ Հիմա  մեր ժողովրդի սիրտը  ջախջախված է, բայց․․Առաջ էլ, հիմա էլ ասում եմ, որ պետք է հավատալ հրաշքների»։ 

Ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանն արդեն երկրորդ անգամ է ներկա լինում նկարչուհու ցուցահանդեսին։ Ասում է՝ ամեն անգամ զարմանում է նկարչուհու ստեղծած կոմպոզիցիաների հետաքրքիր լուծումներից։

«Ամեն վաղվա օրը մի նոր բան պետք է անես։ Ինքդ պետք է ի զորու լինես պեղելու քո մեջ ու հանելու հոգուդ զգացածն ու ապրածը»։

Ի դեպ, Ալինան  միայն կտավների միջոցով չի փոխանցում զգացածը․ երբեմն մտքերն ու ապրումները արտահայտվում են նաև քանդակի տեսքով։

Կարդացեք նաև

Back to top button