Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Արիության ասպետ» Անդրեյ Շելեման ծնվել է 1972 թվականին Երևանում՝ ռուս զինվորականի ընտանիքում։ Մայրը հայ է։ Որդու ծննդից անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվում է Վլադիվոստոկ ու Հայասան վերադառնում այն ժամանակ, երբ հայրը բանակից զորացրվում է։ Անդրեյը պատմում է, որ Հայաստանում հասցրել է մեկ ամիս մանկապարտեզ գնալ, սովորել է Լեռնագոգի ուսումնարանում։ 1988-ին ուսումը կիսատ թողնելով մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ 1989-ին մեկնում է Կրասնոդար, որտեղ ամուսնանում է։ Քանի որ կինը հրաժարվում է, արցախյան պատերազմին մասնակցելու համար ստիպված է լինում ամուսնալուծվել ու հայաստան վերադառնալ մենակ։ Անդրեյը արցախյան երեք պատերազմի մասնակից է։ 44-օրյային մասնակցել է «Արամազդ» կամավորական ջոկատի կազմում։
«Սիրտս վկայում էր, որ սա իմ վերջին կռիվն է լինելու»,-ասում է Անդրեյ Շելեման։ 2020-ի հոկտեմբերի 3-ին նա գլխուղեղային ծանր վիրավորում է ստանում Մատաղիսի ջրամբարի մոտակայքում՝ վիրավորներին տարհանելիս։ Վիրավորվելուց հետո ո՛չ խոսել էր կարողանում, ո՛չ քայլել։ Իր խոսքի համար այսօր երախտապարտ է Զինվորի տան լոգոպետ Անի Մանուկյանին, իսկ քայլելու համար՝ ֆիզիոթերապևտ Հայկ Խաչատրյանին:
Անդրել Շելեման արժանացել է պետական բարձր պարգևների։ Կազակների տոհմը շարունակող զինվորականը կարևորում է վերջերս Ռուսաստանի կազակներից ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը։ Իսկ հայկական պարգևներից կարևորում է «Մարտական ծառայության համար» մեդալը։ Անդրեյը ապրում է Մեծամորում, աշխատում Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում։ Երկու որդիներից ավագը սպա է Գյումրիի զորամասում, կրտսերը ընտրել է ռազմական բժշկության ճանապարը։




