
«Դիլիջան» ազգային պարկի Պարզ լճի հարակից հատվածում տեղի է ունեցել Հայաստանում առաջին լիովին կահավորված հասանելի քայլարշավային արահետի պաշտոնական բացումը։
Նախագիծն իրականություն է դարձել «Ակսեսիբլ Արմենիա» հասանելի զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային հանրապետության կողմից։
Այս նախագծի գլխավոր առաքելությունը ՀՀ զբոսաշրջային էկոհամակարգում ներառական և մատչելի ենթակառուցվածքների զարգացման խթանումն է։ Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցվել է «Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Շրջանաձև արահետը», որն արդեն տարիներ շարունակ գործում է իբրև քայլարշավային արահետ։ Արահետի բարեկարգման տեխնիկական աշխատանքներն իրականացվել են «Արահետներ փոփոխության համար» հասարակական կազմակերպության թիմի կողմից։
Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք հյուրեր ԵՄ պատվիրակությունից, GIZ Հայաստանից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ից, Տավուշի մարզպետարանից, Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն հասարակական կազմակերպությունից, հասանելի զբոսաշրջության և հաշմանդամությանն առնչվող ՀԿ-ներից և ընկերություններից:
Այս նախաձեռնության հիմքում ընկած են կայունության, զբոսաշրջության համայնքային զարգացման սկզբունքները։
«Ակսեսիբլ Արմենիա» հասանելի զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Նահապետյանը նշել է․ «Մատչելի ենթակառուցվածքների ներդրումը զբոսաշրջության ոլորտում մեզ համար առաջնահերթություն է։ Ես և գործընկերս բարձր ենք գնահատում բոլոր այն կազմակերպությունների և անհատների աջակցությունը, որոնք ի սկզբանե արժևորեցին ու հավատացին այս ծրագրին։ Այս արահետի ստեղծման գաղափարի իրագործումը բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի միավորման և համագործակցային մթնոլորտի արդյունքն է։»




