ԿարևորՀասարակություն

Վաճառվում է 100 000 դրամ՝ 20 000 դրամով

Վաճառվում է 100 000 դրամ՝ 20 000 դրամով։ Տելեգրամյան ալիքներից մեկը գրավիչ ու համարձակ «Էստի համեցեք»-ով՝ «Մեզ մոտ կգտնեք այն ամենը, ինչ արգելված է» արտահայտությամբ է ընդունում իր այցելուներին։

Օնլայն «ցուցափեղկին» տարբեր ապրանքներ են՝ գովազդային նկարագիր-խոստումներով․ վարորդական իրավունք՝ «բազայի մեջ երևացող», ռուսական վարորդական իրավունք՝ «ամբողջովին օրիգինալի նման», առանց գրանցման Sim-քարտեր և այլն։

Որոշ «ապրանքներ»-ի վաճառքն էլ միայն «մեծածախ» է․ առաջարկվում են կեղծ 20 հազարանոցներ, որոնք, ըստ գովազդային հայտարարության, ընդունում են բոլոր տերմինալները։ Կարելի է գնել նվազագույնը 5 հատ, գինը՝ 20 000 դրամ, 10 հատի դեպքում՝ 35 000 , 20 հատի դեպքում՝ 75 000 դրամ։

Սակայն այս «առևտրի» տրամաբանական ամփոփումը ոչ թե, ասենք, ՀԴՄ կտրոնն է, այլ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածը։

Կենտրոնական բանկի Կանխիկի կառավարման վարչության դրամների փորձաքննության բաժնի պետ Յուրի Ավետիսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ Հայաստանում ժամանակ առ ժամանակ դրամի կեղծման դեպքեր արձանագրվում են, սակայն դրանք մասշտաբային չեն։

«Ես չէի ասի, թե մեզ մոտ շատ է։ Կեղծում են թղթադրամներ, կեղծում են մետաղադրամներ, սակայն արագ հայտնաբերվում են ու դուրս են բերվում շրջանառությունից»։

Էժան ապրանք դարձած փողի արագ բացահայտման հիմքերից մեկն այն է, որ պետությանն ու մարդկանց խաբելու համար կեղծ գումար գնած մարդն ինքն է խաբվում՝ հավատալով, թե տերմինալները դրանք ընդունելու են։

«Նմանատիպ եղանակով պատրաստված կեղծ թղթադամների արձանագրված առաջին իսկ դեպքի ժամանակ մեր գործառույթների շրջանակում իրականացրինք փորձարկումներ սարքավորումների, բանկոմատների և տերմինալների վրա, և միանշանակ կարող եմ ասել, որ վերջինները բանկոմատների և տերմիանալների կողմից չեն ընդունվում»։

Այսպիսով՝ գնած գումարը ծախսելու միակ տարբերակը մնում է դրանով ինչ-որ բան գնելը, օրինակ՝ խանութում կամ շուկայում։ Խարդախության զոհ չդառնալու համար պետք է ապավինել առաջին հերթին քաղաքացիների տեղեկացվածությանն ու ուշադրությանը։

Կենտրոնական բանկը վստահեցնում է՝ մեր դրամը լավ է պաշտպանված։ Վերջին սերնդի դրամների պաշտպանական հատկանիշները ճանաչելու դեպքում խաբվելը դժվար կլինի։ Դրանցից առաջինը թղթադրամի հումքն է՝ բամբակե թուղթ, որ երկու կողմերից պատված է պոլիէսթերի շերտով։ Յուրի Ավետիսյանն ասում է՝ այն կեղծելն անհնար է։ Պետք է ճանաչել նաև թղթադրամի ջրանիշը, թափանցիկ պատուհանը, պաշտպանալան մանրաթելերը և այլն։

«Թղթադրամի պաշտպանական հատկանիշները բաժանված են երեք հիմնական խմբի։ Առաջինը քաղաքացիների համար նախատեսված պաշտպանական հատկանիշներն են, երկրորդը՝ գանձապահների համար, այսինքն՝ հատուկ սարք-սարքավորման կիրառմամբ ի հայտ եկող պաշտպանական հատկանիշներ, և երկրորդը մեքենաընթեռնելի պաշտպանական հատկանիշներն են։ Ես չեմ մանրամասնի, որոնք են դրանք, սակայն երբ թղթադրամը մուտք է արվում տերմինալ կամ բանկոմատ, ապա անպայման անցնում է այդ պաշտպանական հատկանիշների ստուգումը, և վերջինների բացակայության պարագայում տերմինալը պարզապես չի ընդունում»։

Եթե քաղաքացին վստահ է, որ իրեն հասած թղթադրամը կեղծ է, կարող է դիմել իրավապահ մարմիններին, եթե այդպիսի կասկածներ ունի, ապա կարող է դրամը ներկայացնել Կենտրոնական բանկ, որտեղ կատարված փորձաքննության արդյունքները կներկայացվեն ոստիկանություն։

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ տելեգրամյան հարթակում կեղծ գումար, փաստաթղթեր, արգելված զենք վաճառելու դեպքերը հազվադեպ են և իրենց աչքի առաջ․

«Այդ ալիքները գտնվում են ոստիկանության և իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, և մեր կողմից պարբերաբար աշխատանքներ են կատարվում հանցավոր գործունեություն իրականացնող անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։

Հայկ Մկրտչյանի խոսքով՝ կեղծ գումարի առուծախում երկու կողմերն էլ հանցագործություն են կատարում։

«Վաճառողը կատարում է մեկ հանցագործություն՝ կեղծում է, կատարում է երկրորդ հանցագործությունը՝ խաբում է, ձեռք բերողը մեկով դառնում է զոհ, մյուսով՝ հանցագրոծության մասնակից։ Սա քրեաիրավական տեսանկյունից շատ բարդ որակելի հանցատեսակ է խարդախության առումով, բայց կեղծ փողերի վաճառքի տեսակետից բավական հեշտ հիմանվորող տեսակետ է»։

Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածն ասում է՝ եթե գործարքն արվել է մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ խոսքը 5 միլիոն դրամից ավելի գումարի մասին է, ապա սպասվում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում։ Եթե սա արվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ գումարը գերազանցել է 30 միլիոն դրամը, ապա ազատազրկումը կլինի 6-12 տարի։

Ավելի մանր «առևտրի» դեպքում Քրեական օրենսգիրքը ևս նախատեսած պատիժներ ունի։

«Այտեղ հիմնականում հաշվի են առնում, թե ինչ ծավալներով է դա կատարվել։ Եթե վաճառողը, օրինակ, վաճառել է 10 միլիոն դիամի կեղծ թղթադրամներ, բնականաբար իր պատիժն ավելի մեծ կլինի, քան այն անձինը, ով ձեռք է բերել, օրինակ, 100 000 դրամ կեղծ թղթադրամ, բայց ամեն պարագայում երկու կողմն էլ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»։

Ոստիկանությունից չեն մանրամասնում՝ ինչ փուլում է տելեգրամյան այս ալիքների բացահայտման և գործությունեությունը կանխելու գործընթացը։ Դեռևս քաղաքացիներին զգոնության կոչ են անում՝ վստահեցնելով, որ շուտով կտեղեկացնեն հերթական բացահայտման մասին։

Կարդացեք նաև

Back to top button