ԿարևորՎերլուծական

Թուրքիան հայ-ադրբեջանական գործընթացին առնչվող նոր առաջարկներ կարող է ներկայացնել. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի առաջին երկու այցն էլ՝ Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան, խորհրդանշական էին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչում է միայն Անկարան։ Վերընտրվելուց հետո Հյուսիսային Կիպրոս իր առաջին այս այցով, ըստ թուրքագետի, Էրդողանը ուղերձ է հղում նախևառաջ իր դաշնակիցներին․

 «Դրանով Էրդողանը ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակելու է իր քաղաքականությունը, որի նպատակն է իր՝ Թուրքիայի, դաշնակիցներին ստիպել, որ նրանք ճանաչեն Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը որպես անկախ պետություն»։   

Թուրքագետն ասում է՝ «ստիպել», քանի որ Թուրքիայի դաշնակիցները, մասնավորապես՝ թյուրքական պետությունների կազմակերպության որևէ անդամ չի շտապում այդ քայլն անել․

 «Դրա համար Թուրքիան ամեն ինչ անում է, որ հասնի այն բանին, որ թյուրքական երկրները, օրինակ, սկսեն ճանաչել Հյուսիսային Կիպրոսը՝ որպես պետություն։ Եվ այդ այցն էլ հենց այդ նպատակն ուներ՝ ցույց տալ, որ Թուրքիան շարունակելու է այդ քաղաքականությունը»։

1974 թվականի հուլիսի 20-ին է թուրքական բանակը ներխուժել Կիպրոս և զավթել հունական այդ կղզու հյուսիսային հատվածը։ Պատրվակը՝ տեղի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելն է եղել։ ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձել է կարգավորել այս հակամարտությունը, սակայն՝ ապարդյուն։ Կղզու հունական հատվածը մերժում է երկու պետության գաղափարը և ապօրինի է համարում Նիկոսիայում հաստատված իշխանությունը։

Էրդողանը կիպրոսցի թուրքերի պահանջը միանգամայն հստակ և արդար է համարում, ուստի դժգոհում, անգամ սպառնում է՝ միջազգային իրավունքը չի աշխատում, թուրքերը կղզում երբեք փոքրամասնություն չեն եղել և չեն լինի։ Թուրքիայի առաջնորդը հունական կողմին կոչ է անում՝ տեսնել այդ իրողությունը:

Կիպրոսում՝ թուրքերի ինքնորոշում, Շուշիում՝ թուրքական հյուպատոսարան․․․Այս հայտարարությունները Բաքվում հնչեցնելով, Էրդողանն, ըստ էության, սպառնաց ոչ միայն Հունաստանին, այլև՝ Հայաստանին։ Էրդողանը մի դեպքում պնդում է, որ միջազգային իրավունքն աշխատի, մյուս դեպքում՝ դա բացառում է։ Եվ որպեսզի Հայաստանում դա լավ հասկանան, հայտարարում է, որ պատրաստ է Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Ադրբեջանը կամենա․

 «Մեկ անգամ ևս Թուրքիան ցույց է տալիս, որ շարունակելու է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, որի հիմքում գտնվում է Ադրբեջանին ոչ միայն լրիվ օժանդակությունը, այլ նաև, ըստ էության, Ադրբեջանի քաղաքականության ուղղորդումը Թուրքիայի կողմից»։

Այսպիսով, ավելի քան հստակ է, որ Թուրքիան ոչ միայն օժանդակում, այլ նաև ուղղորդում ու խրախուսում է Ադրբեջանին ագրեսիվ քաղաքականության մեջ։ Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում, որ Էրդողան-Ալիև համատեղ ասուլիսում կրկին օրակարգ է վերադարձվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թուրքագետը կարծում է, որ, այդ այսպես կոչված «միջանցքը» որքան, որ ձեռնտու է Ադրբեջանին, էլ ավելի կարևոր է Թուրքիայի համար․

 «Կարծում եմ, որ Թուրքիայի համար առաջին հերթին կարևորը ոչ թե իսկապես կոմունիկացիաների բացումն է, այլ՝ հսկողությունը այդ «միջանցքի վրա»։

Այդ առումով թուրքագետը կարևորում է Հայաստանի հետևողականությունը, որ չի համաձայնում որևէ հսկողության, որով կսահմանափակվի Հայաստանի ինքնիշխան իրավունքն իր տարածքի վրա։  

Սաֆրաստյանը կարծում է, որ պատահական զուգադիպություն չէր Էրդողանի այցին ընդառաջ Վանշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված հայ-ադրբեջանական հանդիպումներից Բաքվի հրաժարվելը։ Ըստ նրա, պետք էր քննարկել այն նոր մոտեցումներն ու առաջարկները, որ ունի Անկարան՝ կապված վաշինգտոնյան բանակցությունների հետ։ Սաֆրաստյանը ենթադրում է, որ Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավար, Էրդողանի նոր կաբինետի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գործընթացի հետ կապված կոնկրետ առաջարկներ ունի, որոնք նախկինում Թուրքիայի կողմից չեն հնչեցվել և քննարկվել են միայն փակ հանդիպումներում։

Կարդացեք նաև

Back to top button