Վերնատուն

Քանդակագործության փառատոն՝ հանուն խաղաղության․ «Վերնատուն»

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կանցկացվի Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային փառատոն» «Խաղաղություն» խորագրի ներքո ութ երկրներից ժամանած հայտնի քանդակագործներ 20 օր շարունակ ստեղծագործելու են «հանուն խաղաղության»։

«Արվեստը մեծ ուժ է, մանավանդ միասին, խմբակային աշխատող արվեստագետները։ Նրանց ստեղծագործական էներգիան շատ կարևոր է այս պահին, երբ Հայաստանը գտնվում է շատ բարդ իրավիճակում։ Նրանք իրենց խաղաղությունը պիտի բերեն Հայաստան և Հայաստանից խաղաղությունը պիտի վերածնվի։ Այս փառատոնի նպատակն է, որ աշխարհը խաղաղվի, մանավանդ քանդակագործների մուրճերի ձայնը գնում հասնում է Աստծուն և մարդկանց սրտերին», – ասում է քանդակագործ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Ավետիսը:

Փառատոնը նաև վերականգնում է Հայաստան – Իտալիա բարեկամական և մշակութային կապը՝ Երևանի և Կարարա քաղաքների միջև։

Երևանն ու Կարարան 1965 թվականից քույր քաղաքներ են։ Քանդակագործն ասում է, որ սա առիթ է երկու քաղաքների միջև ընդհատված մշակութային կապը վերականգնելու։ Կարարայի մարմարը լավագույնն է աշխարհում, այս քաղաքը 2000 տարուց ավելի զբաղված է մարմարի արդյունաբերությամբ։

Փառատոնի առիթով Կարարայից Երևան է ուղարկվել շուրջ 29 տոննա մարմար։ Վիգեն Ավետիսը նշում է, որ փառատոնը կզարգացնի մշակութային, տնտեսական և կրթական կապերը։ Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային փառատոնը կմեկնարկի հուլիսի 15-ին։ Փակումը կլինի օգոստոսի 5 -ին, որին ներկա կլինեն նաև Իտալիայի հանրապետության Կարարա քաղաքի քաղաքապետը, գեղարվեստի ակադեմիայի տնօրենը և այլ հյուրեր։

Back to top button