
Ուղիղ չվերթերը փակման վտանգի տակ են։ Տուրիստական գործակալություններն ահազանգում են՝ վիզա ստանալու համար զբոսաշրջիկները չեն կարողանում դեսպանատաներում օր ամրագրել։ Մինչև նոյեմբեր ամրագրում հնարավոր չէ, այն դեպքում, երբ միջազգային տուրիստական ցուցահանդեսները սեպտեմբերին են։ Տուրիզմի հայկական ֆեդերացիան կոչ է անում եվրոպական երկրների դեսպանատներին ավելացնել աշխատողների քանակը։ Եվրոպայում շրջելու պահանջարկը մեծ է, իսկ այն բավարարելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր։
Տուրիստական սեզոնի մեկնարկը տրված է, սակայն զբոսաշրջային գործակալությունները խնդրի առաջ են կանգնել։ Տուրօպերատորներն ահազանգում են, որ դեսպանատներում հնարավոր չէ վիզայի համար օր ամրագրել։ Իսկ դա բացասական հետևանք է ունենում զբոսաշրջային ընկերությունների, տարբեր ավիաընկերությունների համար։ Վերջին շրջանում եվրոպական տարբեր քաղաքներից Երևան ուղիղ չվերթների աճ է նկատվում, բայց դա վտանգվում է շենգեն վիզայի խնդրի պատճառով։
Հայաստանում «Air Baltic» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ «Ամիստադ» ընկերությունն 13 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է Ռիգա–Երևան–Ռիգա չվերթը։ Ուղիղ թռիչքն ապահովված է, սակայն մեկնողների խնդիր կա, ասում է ընկերության տնօրեն Արմինե Ադամյանը։ Մերձբալթյան երկրներ մեկնել ցանկացողները չեն կարողանում վիզայի համար օր ամրագրել․
«Շատ տուրիստականներ զանգահարում են և ասում են, որ ուզում են ճանապարհորդել մերձբալթյան երկրներ, սակայն օր չկա դեսպանատան հետ։ Հարցը վիզան կստանան, թե չեն ստանա, դա էլ չի, որքան, որ մարդիկ փաստաթղթերը ներկայացնելու համար օր չեն կարողանում ամրագրել»։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջային ոլորտի զարգացման, ակտիվության համար, կարևոր են ուղիղ չվերթները։ Դրանք կամուրջ են դառնում, օրինակ, Երևանի ու Եվրոպայի միջև։ Սակայն նորից շենգեն վիզայի հետ կապված խնդիրները բավական դժվարություններ են ստեղծում եվրոպական քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների կազմակերպման համար․
«Մեր բոլոր ջանքերը զրոյացվում են, եթե մարդիկ չեն կարողանում օր ամրագրել դեսպանատներում վիզայի համար դիմելու նպատակով։ Մեր կոչն է մեր բարեկամ եվրոպական երկրների դեսպանատներին՝ ուշադրություն դարձնել այս հարցին։
«Եթե կա պահանաջարկ, ուրեմն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, աշխատողների թիվն ավելացնել։ Ի վերջո, մեր քաղաքացիներն իրենց ներդրումն են ունենում տվյալ երկրների զբոսաշրջության ոլորտում։ Այսպես շարունակվելու դեպքում բոլոր ուղիղ չվերթները կփակվեն»։
«Ավարայր» զբոսաշրջային ընկերության տնօրեն Արկադի Սահակյանն էլ է նույն խնդիրը բարձրացնում։ Սեպտեմբերին տուրիստական կազմակերպությունները պատրաստվում են մեկնել Եվրոպա՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսներին, սակայն մինչև նոյեմբեր դեպսանատանն ամրագրում հնարավոր չէ․
«Մենք արդեն ծիծաղելի իրավիճակում ենք։ Մասնակցելով միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, տեղը վարձակալելով սեպտեմբերի համար, մենք նոր դեկտեմբերին տեղ ենք ստանում դեսպանատանը մուտք գործելու, վիզա ստանալու, որը, իհարկե, չի նպաստում մեր զբոսաշրջության զարգացմանը»։
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձաժողովի նախագահ Արման Եղոյանը վերջերս ասել էր՝ տեղեկություն ունի, որ որոշ դեսպանատներ կրկնապատկել, եռապատկել են աշխատողների թիվը, սակայն, խնդրի լուծման համար նաև այլ քայլերի անհրաժեշտությունն է տեսնում։Զբոսաշրջային ընկերությունները ևս այս հարցում պետական կառույցների աջակցության անհրաժեշտություն են տեսնում։




