
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականները, որոնք նա տվել էր անցած շաբաթ հարկաբյուջետային քաղաքականության հարցերով խորհրդակցության ժամանակ, այսօր` կառավարության նիստի սկզբում հայտարարել է, որ այսուհետ պետք է բացառվի հարկային մարմինների գործունեության նկատմամբ ցանկացած միջնորդություն ու միջամտություն: Վարչապետը ցավով արձանագրել է, որ այդպիսի երևույթներ հանրապետությունում դեռևս առկա են:
«Ես իմ անձնական հսկողության տակ եմ պահելու խնդիրը»,- կառավարության անդամներին ասել է Տիգրան Սարգսյանը` ընդգծելով. «Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ հարկերի հավաքագրումը պատասխանատու գործառույթ է և դա միայն պետական եկամուտների կոմիտեի պատասխանատվության խնդիրը չէ, այլ ողջ կառավարության»:
Անդրադառնալով հանրապետության նախագահի մյուս հանձնարարականին` վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ այսուհետ նախարարները նույնպես պատասխանատվություն են կրելու հարկային ոլորտում տիրող իրավիճակի համար: «Դուք պետք է պարբերաբար հանդես գաք հաշվետվություններով և ներկայացնեք, թե կոնկրետ ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը և թե ինչպես են այդ ոլորտների ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»,-ասել է վարչապետը:
Նշենք, որ կառավարության հաջորդ նիստի ժամանակ հաշվետվություններ են ներկայացնելու կրթության և գիտության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները:
Անդրադառնալով արդեն այսօրվա նիստի օրակարգային հարցերին` կառավարությունը հաստատել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը: Համաձայն այդ փոփոխությունների` 2013 թվականի հունվարի 10-ից Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող, բայց միության անդամ չհանդիսացող պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների համար սահմանվում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:




