ԿարևորՎերլուծական

Երասխը՝ ադրբեջանական «էկոակտիվիզմի» նոր ուղղություն

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դժգոհելով Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումից ու ենթադրելով, որ դրա աշխատանքը կվնասի տարածաշրջանի բնապահպանական իրավիճակին։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այդ դժգոհություններին։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե իրականում որ երկիրն է ավելի «տոքսիկ» տարածաշրջանի համար։

Երասխի գործարանն անհանգստացնում է Բաքվին

Հայաստանի դեմ «բնապահպանական» հերթական կեղծ արշավն է նախապատրաստվում։ Այս անգամ ադրբեջանական «էկոակտիվիզմի» ուղղությունը Երասխում կառուցվող հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանն է։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարությամբ, իսկ  մամուլը ՝ մի քանի հոդվածներով  անդրադարձել է հայկական գործարանին։

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի համար Ադրբեջանի բնապահպանության նախարարության տարածած հայտարարությունը մի քանի թիրախ է բացահայտել։

«Իրենց համապատասխան գերատեսչությունը կեսգիշերին հայտարարություն տարածեց, որը, ըստ էության, նորմալ չէ։ Եթե կար հաղորդագրության խնդիր, դա սովորաբար տարածվում է աշխատանքային ժամերին։ Այսօր առավոտվանից արդեն ամբողջ ադրբեջանական մամուլը դրանով է տարված։ Ինչ–որ էկոլոգների ցանկ են հրապարակել, որոնք հայտարարություն են արել։ Իմ դիտարկմամբ՝ մի քանի նպատակ կարող է հետապնդել կամ բոլորը միասին։ Առաջին հերթին, իհարկե, այդ ուղղությամբ հետագայում գործողությունների գնալու ծրագիր, որպեսզի պատրվակը լինի, որ իբրև պաշտպանում են Ադրբեջանի քաղաքացիների առողջությունը։ Խոսքը Տիգրանաշենի մասին է։ Երկրորդը՝ Հայաստանում ներդրումներ, հնարավոր նոր պրոյեկտներ կանխարգելելու ծրագիր, որը երկրի համար տնտեսական հետևանքներ կունենա։ Նաև քարոզչական լուրջ կոմպոնենտ կա, որ Հայաստանը ներկայացվի որպես վտանգավոր էկոլոգիական պետություն»։

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարությամբ դատապարտում է սահմանագոտում գործարան կառուցելու ծրագիրը՝ պնդելով, թե «այդ գործունեությունը Բաքվի հետ չհամաձայնեցնելով՝ Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։ Վկայակոչվում է Էսպոյի կոնվենցիան և նշվում, թե Հայաստանը՝ որպես այդ փաստաթղթի կողմ, պարտավոր էր Ադրբեջանի հետ համաձայնեցնել նախագիծը։

Տաթևիկ Հայրապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նոր «էկոակտիվիզմը» բխում  է Լաչինի միջանցքում «էկոակտիվիզմի» արդյունքները մարսելուց։

«Այո, նրանք նաև կոչերով հանդես կգան՝ ուղղված ամերիկյան կառավարությանը։ Եվ սա ցույց է տալիս, որ միջամտում են Հայաստան–ԱՄՆ համագործակցությանը։ Այդպիսի դրվագներ կան տեղեկատվական դաշտում, որոնք առնչվում են նաև Հայաստան–Իրան, Հայաստան–Հնդկաստան համագործակցությանը։ Այսինքն՝ իրենք կոնկրետ միջամտում են մեր պետության ներքին ու արտաքին հարաբերություններին։ Ինչո՞ւ, որովհետև տեսնում են ակնհայտ թուլություն, իսկ միջազգայինների կողմից տեսնում են ակնհայտ հանդուրժողականություն և օգտվում են դրանից։ Եթե իրենք «մարսում» են նման գործողությունները, եթե կա ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի որոշում, ինչպե՞ս է համարձակվում ՄԱԿ–ի անդամ պետությունը անտեսել այդ որոշումը և չկրել որևէ պատիժ»։  

Կարևոր չէ, որ Երասխում գործարանն ամբողջ ծավալով դեռ չի գործում, որ պատրաստվում է մետաղական կոնստրուկցիաներ արտադրել։ Փորձագետներն ընտրությունը պատահական չեն  համարում՝ թիրախները տեսնելով  հենց ադրբեջանական հայտարարությունների տողատակերում։ Հաշվի առնելով այն, որ խոսքը Նախիջևանի սահմանագոտու մասին է,  համոզված են, որ նպատակներն ամենևին բնապահպանական չեն։ Ադրբեջանական մամուլում արդեն վերլուծություններ կան, որոնք փորձում են գաղտնազերծել  Հայաստանի, այսպես ասենք, «դավադիր» նպատակները։

Իրական բնապահպանությունը՝ սովորական թվերով

2022–ի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Հայաստանը նույն սանդղակում 56–րդն է։ Միայն այս վիճակագրությունը  բավարար է հասկանալու համար, թե որքան վտանգավոր է Ադրբեջանը տարածաշրջանի շրջակա միջավայրի համար։ Համաշխարհային ինդեքսով վերլուծվել է նաև վերջին 10 տարիների գործունեությունը։ Տվյալների համաձայն՝ Ադրբեջանում բնապահպանության առումով բարելավում չի եղել, ցուցանիշը անգամ բացասական է՝ –1.3 տոկոս։ Հայաստանի դեպքում բարելավումը գրեթե 5 տոկոս է (4,80 — խմբ․)։  

Բաց աղբյուրների ուսումնասիրությունը փաստում է, որ Ադրբեջանի Հանրապետության մթնոլորտային օդն աղտոտող ձեռնարկությունների ուղղություններն են նավթի արդյունահանումը և նավթավերամշակումը, քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան։ Խնդրահարույց գործարանները տեղակայված են հիմնականում Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Մինգեչաուրում և Շիրվանում։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է անգամ այս հարթությունում պատասխանել Ադրբեջանի քայլերին և իրենց համար էլ ստեղծել «գլխացավաքներ»։

«Նախ՝ իրենց էկոլոգները խիստ կասկածում եմ, որ էկոլոգներ են, նրանք ուղղակի պետությանը ծառայեցվող փորձագիտական շրջանակներ են, որոնք կոնկրետ հրահանգ են կատարում։ Այստեղ խնդիրը այլ է, իսկ ինչո՞ ւ օրինակ Հայաստանում տարբեր էկոլոգներ չեն բարձրաձայնում Ադրբեջանում առկա խնդիրները։ Ինչո՞ւ մենք որևէ նարատիվ չենք ձևավորում, ինչո՞ւ մենք երբեք օրակարգ չենք ստեղծում տարբեր մակարդակներում՝ տեղեկատվական տիրույթում, էկոլոգիայում, այլ ոլորտներում։ Չէ՞ որ խնդիրները բազմաթիվ են։ պայքարի կարևորագույն կոմպոնենտը դա տեղեկատվական դաշտն է»։

Բնապահպան Լևոն Գալստյանը, սակայն,  խուսափում է մեկնաբանություններից՝ օգուտի փոխարեն չվնասելու հիմնավորմամբ։

«Ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև դա պետական քաղաքականության հարց է, դա իմ ու ձեր ասելով չի կարող լուծվել, կամ խոսելով, կամ հարցազրույց տալով, որն անիմաստ գործողություն է։ Դա պետական քաղաքականության հարց է։ Պետությունը պետք է դրանով զբաղվի», –ասում է Գալստյանը։  

Բաքվի բնապահպանական «օպերացիաները»

Ադրբեջանցի «բնապահպանները» թերևս արդեն մոռացել են Կաշենի և Դրմբոնի հանքերի տարածքում փորձաքննություն անցկացնելու իրենց պահանջները։ Մինչդեռ արցախյան կողմը ժամանակավորապես դադարեցրել էր հանքերի շահագործումը մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը։ Լաչինի միջանցքը կես տարի փակ պահելուց հետո և միջանցքը տեղափոխելուց հետո այդ հարցն այլևս ակտուալ չէ։

Ադրբեջանցի «բնապահպանները» չեն հաշվել նաև, թե քանի կենդանի է ոչնչացվել մինչև Լաչինի միջանցքում կազմակերպված ակցիաները։ Բայց մուշտակավոր «բնապահպանների» ձեռքում խորհրդանշորեն սատկեց «խաղաղության աղավնին»։

Ադրբեջանցի կեղծ բնապահպաններին երբեք չհետաքրքրեց նաև, թե բնությանը ինչ վնաս հասցրեց 44–օրյա պատերազմի ընթացքում Արցախում կիրառված ֆոսֆորային զենքը։

Back to top button