
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ասել է, որ իրեն ապահով չի զգա ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի համար Բաքու մեկնելիս։
«Երկընտրանքի առաջ եմ. որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը, բայց որպես հայ, ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս: Քանի որ ՖԻԴԵ-ն հիբրիդային ձևաչափի կողմնակից է, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ հեռավար՝ ցանկացած հնարավոր վայրից»,- Թվիթերի իր էջում գրել է Արոնյանը։
Որպես տարբերակ, Լևոնն ասել է, որ պատրաստ է խաղալ ՖԻԴԵ-ի Լոզանի գրասենյակից՝ ցանկացած հսկողության ներքո:
Աշխարհի գավաթը ՖԻԴԵ-ի առաջատար մրցումներից մեկն է, և վերջին տարիներին ակնհայտորեն դարձել է շախմատային օրացույցի ամենաուշագրավ իրադարձություններից մեկը:
ՖԻԴԵ-ի 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի հուլիսի 29-ից օգոստոսի 25-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։




