
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն անդրադառնալով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից:
«Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում: Մենք կշարունակենք ուղիներ փնտրել երկխոսության համար»,- գրել է նա:
Ավելի ուշ կատարված գրառման մեջ ամերիկացի դիվանագետն ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրին կանդրադառնան նաև ռուսական կողմի հետ կայանալիք հանդիպմանը (չի նշվում՝ մասնավորապես ում հետ):
«Մենք անհամբեր սպասում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօր կայանալիք բանակցություններին: Մենք վճռական ենք համագործակցել նաև Ֆրանսիայի հետ՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին աջակցելու համար»,-նշել է նա: Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը երեկ հերթական գրառումն էր արել Twitter-ի իր էջում։
«Ես մտահոգություններ եմ լսել, որ մինչ ուշադրությունը կենտրոնանում է Ուկրաինայի վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է աճել։ Պե՞տք է մտահոգվենք»,- նման բովանդակությամբ գրառում էր արել ամերիկացի համանախագահը:




