ԿարևորՀասարակություն

Հաթերքում անմշակ հողատարածքներ չեն մնացել, աննախադեպ ցանքս է կատարվել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում գարնանացան մշակաբույսերի աննախադեպ ցանքս են կատարել, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Հաթերքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը։

«Կարտոֆիլի և լոլիկի, լոբու, կաղամբի, սմբուկի, եգիպտացորենի  մեծամասշտաբ ցանքս է կատարվել տնամերձ ու սեփականաշնորհված հողամասերում։ Շրջափակման հարուցած խնդիրներից ու դժվարություններից գյուղացիները չեն հուսահատվել, ընդհակառակը, ավելի ակտիվ կերպով են սկսել հողի հետ աշխատել և իրենց օրվա մեծ մասն անց են կացնում դաշտերում, այգիներում»,-մանրամասնել է Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ համայնքում այս պահին գրեթե անմշակ հողատարածքներ չկան։

Նա տեղեկացրել է, որ համայնքում ընդլայնվել է նաև ջերմոցային տնտեսությունը։ Ջերմոցները գյուղացիների մի մասին  տրամադրել է Կարմի խաչի միջազգային կոմիտեն, մյուսներն էլ սեփական ուժերով են կառուցել։

«Ջերմոցներում սկզբնական շրջանում կանաչեղեն են աճեցրել և իրացրել գյուղի խանութներում։ Վառելիքի սղության պատճառով հնարավոր չէր այն հասցնել Ստեփանակերտ։ Իսկ այս շրջանում ջերմոցներում արդեն կարող ենք տեսնել տարբեր մշակաբույսեր։ Ուրախալի և գովելի է, երբ մարդիկ մեծ եռանդով մշակում են հողը»,-նշել է մեր զրուցակիցը։

Համայնքապետի խոսքով՝ գյուղում անասնագլխաքանակը մեծ է։ Հիմնականում պահում են խոզ, ոչխար, այծ, կով։ Գյուղում շարունակում է զարգանալ նաև մեղվապահությունը։ Այս տարի մեղվափեթակների թիվն ավելացել է։

Անդրադառնալով շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրներին՝ Վ. Գրիգորյանն ընդգծել է, որ տրանսպորտային վառելիքի սղությունն է որոշակի դժվարություններ հարուցում։

«Մեր բնակիչները բավական ամուր կամքի տեր մարդիկ են։ Մեզ մնում է միայն հուսալ, որ երկար չենք սպասելու Արցախում արժանապատիվ խաղաղության հաստատմանը»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը՝ ուրախությամբ հավելելով, որ այս տարի համայնքում նոր ծնունդներ են գրանցվել. գերակշռում են տղա երեխաները։

Back to top button