
Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայիսի 27-ին մրցման մեկնող մարզիկների վթարին, որի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարզիկները բուժում են ստանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Նշվել է նաև, որ արյան անհրաժեշտության առնչությամբ սոցցանցերում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
«Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են, մասնավորապես, ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ, ամրակապված չեն եղել և ծանրագույն դեպքի պատճառներից մեկը հենց դա է»,- նշել է փոխքաղաքապետն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել այցելել երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ մշտական հսկողության տակ պահելով բուժման գործընթացը:
Մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Նախնական տվյալներով երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342րդ հոդվածի 2րդ մասի հատկանիշներով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։




