ԿարևորՔաղաքական

Որո՞նք են հայ–ադրբեջանական բանակցությունների ամենավիճելի կետերը. ամերիկյան առաջարկների մասին

Մոսկվայում նախատեսված Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ ԱՄՆ Պետդեպը Երևանին ու Բաքվին ամենավիճելի հարցերի լուծման առաջարկներ է ներկայացրել։ Որո՞նք են ամենավիճելի հարցերը։ Քաղաքագետներից ոմանք կարծում են, որ դա անկլավների հարցն է, ոմանք էլ պնդում են, որ անկյունաքարային է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը։

Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին առաջարկներ է ներկայացրել հայ–ադրբեջանական հակամարտության ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։

Նա վստահեցրել է, որ խաղաղության գործընթացի առումով տեղաշարժ կա։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեծ ջանքեր է ներդնում:

Այս հայտարարությունն արվում է մայիսի 24-25-ը Մոսկվայում անցկացվող ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված Փաշինյան — Պուտին — Ալիև եռակողմ հանդիպման նախօրեին։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, անդրադառնալով հայ–ադրբեջանական բանակցությունների երեք հարթակներին՝ ամերիկյան, եվրոպական ու ռուսական, նկատում է, որ ռուսականը ճնշման հարթակ է և պետք է դիմադրել ու տուրք չտալ Մոսկվայի ճնշումներին․

«Մոսկվան ճնշման տարածք է։ Ոչ թե միջնորդ է, այլ կողմ է, և փորձելու են ՀՀ-ին գցել փակուղային ինչ-որ իրադրության մեջ։ Ես հույս ունեմ, որ տուրք չեն տա այդ ճնշումներին և հապճեպ որևէ քայլի չեն գնա»։

Մինչ մոսկովյան հանդիպումը, Հայաստանի ու Ադրբեջանի  արտգործնախարարները մայիսի սկզբին քառօրյա հանդիպում ունեցան Վաշինգտոնում, այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդիպեցին Բրյուսելում։ Վաշինգտոնից հետո հայտարարվեց, որ կողմերն աշխատելու են սահմանի երկայնքով զորքերի հետքաշման, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցերի շուրջ։

ՀՀ արտգործնախարար Արարարտ Միրզոյանն օրերս հստակեցրել էր, որ Վաշինգտոնում հնարավոր է դարձել խաղաղության պայմանագրի ևս երկու հոդված համաձայնեցնել։ Այս ընթացքում ՀՀ վարաչապետը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին հայտարարեց, խոսեց անկլավների մասին։

Նշված կետերից որո՞նք կարող էին լինել ամենախնդրահարույցը, որոնց շուրջ առաջարկներ է ներկայացրել Պետդեպը։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցն ամենակարևորն է․

«Ադրբեջանը շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել և փորձում է բռնի կերպով ռեինտեգրացիա պարտադրել, որն էլ, ինչպես բոլորս գիտենք, ցեղասպանության տեսքով է լինելու, գույնը կարևոր չէ, կարմի՞ր կլինի, թե՞ սպիտակ։ Եթե նրանք փորձելու են ադրբեջանականացումը պարտադրել Արցախի հայերին, որևէ մեկը չի հանդուրժելու․ կամ պայքարելու են զենքը ձեռնքերին իրենց հնարավորությունների սահմաններում, որը բնական է, որ անհնարին կլինի, քանի որ անհավասար մարտ կլինի, կամ լքելու են տարածքը և երկու պարագայում էլ ցեղասպանություն դարձավ։ Եվ սա ԱՄն պետական համակարգի ամենաառանցքային հարցերից մեկն է՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը»։

Թեև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ըստ քաղաքագետի, անկյունաքարային է, այդ հարցն, ըստ նրա, անհնար է լուծել բանակցությունների ճանապարհով։ Լուծման միակ տարբերակը ռազմական ուղին է, և հարկ է պատրաստ լինել դրան, ասում է։

Իսկ Վաշինգտոնում համաձայնագրի երկու կարևոր հոդվածներով առաջընթացի մասին ՀՀ ԱԳՆ-ի հստակեցումը, Գուրգեն Սիմոնյանի կարծիքով, տարածքային ամբողջականության ճանաչման ու անկլավների մասին է․

«Տիգրանաշենի հատվածն  ու Տավուշի երկու անկլավները, որոնց մասին նշվում է, որը անցյալ դարի 30-ականներին Ռուսաստանի կողմից առանց որևէ բանի նվիրված էին Ադրբեջանին, դրանք գտնվում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածների, մայրուղիների վրա։  Պատկերացնում եք, որ գան ադրբեջանցիներ այդտեղ…, բնական է խաղաղ բնակիչներ հաստատ չեն գա, այլ կլինի զինված ադրբեջանական ներկայություն, և շանտաժի ենթարկեն ՝ ենթակառուցվածների վերահսկողության առումով։ Մեկը դեպի Իրան տանող ճանապարհն է, մյուսն էլ դեպի Վրաստան տանող ճանապարհը»։

Քաղաքագետի կարծիքով, անկլավների հարցի լուծման անհնարինության պատճառով դրանք Արծվաշենի հետ փոխանակման մասին է ակնարկել ԱՄՆ պետդեպը։

Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ հենց անկլավների հարցն է համարում ամենավիճելին բանակցություններում․

«Կարծում եմ՝ ամենակարևորն անկլավների հարցն է։ Գիտեք, որ ադրբեջանցիները պայմաններ են թելադրում անկլավների հարցում, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ անկլավներ։ Նաև իրենց մոտ հստակ նպատակ կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում, որն իրենք փորձում են փաստաթղթում ներառել։ Անընդհատ փորձում են իրենց համար նոր հարմար պայմաններ ստեղծել»։

Ըստ Արման Ղուկասյանի՝ բանակցային հանդիպումների ակտիվությունը վկայում է, որ գործընթացը առաջ է գնում, սակայն բոլորովին պարզ չէ, թե ինչ դետալներ են հատկապես համաձայնեցվել Վաշինգտոնում։ Առջևում, մոսկովյան հանդիպումից բացի, նաև 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում է հանդիպում սպասվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Ակնկալվում է, որ այդ հանդիպմանը, Փաշինյանից ու Ալիևից բացի, մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Եվս մեկ հանդիպում էլ նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի արդեն հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա այս տարվա  հոկտեմբերին Գրանադայում։

Back to top button