ԿարևորՀասարակություն

Գրքի երևանյան 6-րդ փառատոնն այս տարի միջազգային է

Ավանդական դարձած գրքի երևանյան ամենամյա փառատոնն այս տարի կմեկնարկի մայիսի 25-ին Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում և կտևի մինչև մայիսի 27-ը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը կանցկացվի գրողների, գրականագետների, հրատարակիչների և, իհարկե, ընթերցողների մասնակցությամբ։ Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ։

Այդպես էլ պարզ չդարձավ՝ գրքի փառատոնի առթիվ հրավիրված ասուլիսին մասնակցող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կարդացե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, թե՞ ոչ։ Ավինյանը պարզապես հրաժարվեց պատասխանել լրագրողների այդ հարցին։

Փոխարենն Ավինյանն ասաց, որ սիրում է դասական գրականություն ընթերցել։ Վերջին շրջանում էլ մի շարք գրքեր է նվեր ստացել, բայց առանձնացրեց դրանից մեկը․ «Ամենահետաքրքիրը, որ կուզենայի նշել, Դա Վինչիի կյանքին վերաբերող գիրքն էր»։

Այժմ բուն փառատոնի մասին։ Ընթերցասեր հանրության, գրքի և գրականության սիրահարների համար արդեն ավանդական դարձած Գրքի երևանյան փառատոնն այս տարի միջազգային է լինելու։ Մայիսի 25-27–ը փառատոնի շրջանակում Մայր թատրոնի տարբեր հարթակներում գրքերի շնորհանդեսներ կանցկացվեն, կլինեն հանդիպումներ հայ և օտարերկրացի անվանի գրողների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։

Գրքի երևանյան փառատոնն այս տարի պայմանագիր է կնքել «Վերսոպոլիսի» հետ, որը պոեզիայի ամենամեծ հարթակն է աշխարհում։

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան․«Փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակիչ, ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ: Զարմանալի չէ, որ նախորդ տարվա փառատոնին շուրջ տասը հազար գիրք է վաճառվել: Կան հրատարակիչներ, որ նշում են՝ միայն փառատոնի օրերին նույնքան գիրք են վաճառում, որքան ամբողջ տարվա ընթացքում»։

Երևանի քաղաքապետարանը գրքին առնչվող տարբեր միջոցառումներն ու նախաձեռնությունները սատարելու պատրաստակամություն է հայտնել: Տիգրան Ավինյանն ասաց, որ քաղաքապետարանը շարունակում է նոր գրքերով համալրել ու թվայնացնել գրադարանային ֆոնդերը․

«Մեկ հարկի տակ համախմբելով ընթերցողներին, գրողներին, հրատարակիչներին՝ փառատոնի կարգախոսն իրականանում է, այսինքն՝ քաղաքը կարդում է»։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը տրամաբանված ու արդարացված է համարում այն, որ փառատոնի կազմակերպումը վստահված է հայ նոր գրականության հիմնադրի անունը կրող կառույցին, այսինքն՝ իրենց թանգարանին․

«Մի շարք թանգարաններ ունեն հրատարակություններ, հրաշալի գրադարաններ, որոնք այդքան հայտնի չեն ընթերցողի լայն շրջանակին, և փառատոնը թանգարանների գրական գործունեությունը ևս մեկ լսարանի ներկայացնելու առիթ է ընձեռում»։

Գրքի երևանյան 6-րդ փառատոնի բաղկացուցիչ մասն է նաև գրական մրցույթը, որը տեղի կունենա փառատոնի վերջին օրը՝ փակման արարողության ժամանակ։ Այս տարի ևս բազմաթիվ հայտեր են ներկայացվել մրցույթին մասնակցելու համար․ «Արձակ» անվանակարգում 43 , «Պոեզիայում»՝ 48 , «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ 17  և «Դրամատուրգիայում»՝ 10 հայտ։

Ի դեպ՝ փառատոնի շրջանակում գործող գրքի տոնավաճառից հնարավոր կլինի նախընտրելի գրքերը ձեռք բերել 20-ից 50 տոկոս զեղչով:

Back to top button