ԿարևորՀասարակություն

Հայկական ապագայի շուրջ միավորվել է պետք

«Ապագա հայկականը» նախաձեռնությունն ամփոփել է առաջին համաժողովի արդյունքները, հնչել են մտքեր, թե ինչպես է պետք միավորվել և դիմագրավել արդի մարտահրավերներին։ «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կարծիքով՝ անցյալի մասին խոսելով` ապագա չի կառուցվի, այդպես վարվելով, անցյալ կվերադառնանք, ինչը ոչ ոքի պետք չէ։ Այսօրվա ամենաբարդ գործը միավորվելն է ապագայի շուրջ։ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանն էլ «անհնարին ոչինչ չկա» տրամաբանության վրա է շեշտադրում արել։ Նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ անտարբերության պատնեշը վերացնելու անհրաժեշտության մասին է խոսել։

Տեսնել այն ապագան, որը հայկական է․ այս տրամաբանությամբ ու մտահոգությամբ կազմակերպված համաժողովում նախ ներկայացվեց կատարված աշխատանքը, շեշտվեց, որ «Ապագա հայկականը» նախաձեռնությանը միացել են 108 երկրների ավելի քան 112 հազար ներկայացուցիչներ, որոնք մտահոգ են հայկական ապագայի հարցերով։ Նշվեց, որ 15 դրույթներ են առանձնացվել առաջ ընթանալու համար։ Դրանցից առանձնացվել են երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»։ Քվեարկությամբ ընտրել են յուրաքանչյուր նպատակին վերաբերող քաղաքականության առաջարկներ և նախաձեռնությունների առաջնահերթություններ։

Համաժողովի ողջ ընթացքում ամենակարևոր շեշտադրումը միավորվելն էր այս բարդ ժամանակաահատվածում։

Համաժողովին տեսակապով միացած նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շրջափակված Արցախից հորդորեց ներկաներին համախմբվել, ուժ գտնել ճանապարհը միասին անցնելու։ Ասաց, որ ամենակարևորը անտարբեր չլինելն է․

«Թեև գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, կարողացանք մեր մեջ գտնել ուժ ու հավատ, ու քննարկում ունեցանք Արցախի 2035 ծրագրերի շուրջ, որոնք տեսլական են՝ ինչ ենք տեսնում, ինչ նպատակներ ունենք։ Ես վստահ եմ, որ Արցախից է սկսվելու Հայկական Աշխարհի վերածնունդը:

«Ապագա հայկականը» նախաձեռնության շրջանակում փորձում ենք քննարկել ոչ միայն այսօրվա խնդիրները, այլև ավելի երկարաժամկետ խնդիրներ»:

Նախաձեռնության «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, խոսելով պառակտվածության մասին, վստահություն հայտնեց, որ հնարավոր կլինի միավորել հայությանը․

«Մեր քրիստոնեական հավատքը մեզ սովորեցնում է, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա»։

Նախաձեռնության հիմնադիր Արթուր Ալավերդյանն էլ նկատեց, որ հիմնականում մարդիկ մտածում են առօրյայի մասին և միայն 4 տոկոսն է 10 տարվա ապագայի մասին մտածում։ Այս հարցում նախաձեռնության համահիմնադիրներից Նուբար Աֆեյանն զգուշացրեց, որ եթե չկարողանանք պատկերացնել բոլորիս պատկանող ապագան, կվերադառնանք անցյալ, և մեզ կդատեն ապագայի մարդիկ․

 «Եթե այսօրվա պայմաններում չկարողանանք քննարկել և պատկերացնել ապագան, որը կարող է պատկանել բոլորիս, և հանուն որի արժե անել այն ներդրումները և զոհողությունները, որոնք անհրաժեշտ են դրան հասնելու համար, մենք կմնանք ներկայում: Ավելի ճիշտ, կվերադառնանք անցյալ։ Իսկ մեր անցյալը, բացառությամբ մի քանի պայծառ պահերի, այնպիսին չէ, որին որևէ մեկը ցանկանում է վերադառնալ»։

Տեսակապով համաժողովին Փարիզից միացած նախաձեռնության հիմնադիր Ռիչարդ Ազարնիան նույնպես հայտարարեց, որ այս պահին կարևորը միավորվելն է։ Համաժողովի ընդունած գաղափարներին միասին պետք է հետևենք, քանի որ, ըստ նրա, դրանք հայ ժողովրդի հավաքական գաղափարներն են։

Back to top button