ԿարևորՀասարակություն

«Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից»․ Երևանում ընթանում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընթանում է Մանկական ուռուցքաբանության Միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը։ Համաժողովին ներկա են ավելի քան 150 մասնագետներ շուրջ 60 երկրի առաջատար բժշկական կառույցներից և ուսումնական հաստատություններից։

Մի քանի ամիս առաջ պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը հանդիպել էր հինգ երեխաների, որոնք հազիվ էին կարողացել բացել աչքերը։

Գարո Արմեն ասում է՝ նայելով այդ երեխաներին, ինքն իրեն խոստացել է իրեն հասանելի միջոցներով անել ամեն ինչ՝ նրանց օգնելու համար:

«Շատ դժվար է նայել երեխայի աչքերի մեջ և ասել, որ մենք չենք կարող տրամադրել քեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է քո հիվանդությունը բուժելու համար, քանի որ համակարգը թույլ չի տա մեզ դա անել: Ժամանակը մեր օգտին չէ, քանի որ այս հրաշք երեխաները մարում են մեր ձեռքերում»:

ԵՊԲՀ– ում մեկնարկեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը։ Աշխարհի ավելի քան 60 երկրի առաջատար բժշկական կառույցներից, ուսումնական հաստատություններից 150 մասնագետներ են եկել Երևան։ Նման կարևոր միջոցառում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նկատում է՝ որպես զարգացող երկիր, Հայաստանը փաստացի գերազանցել է աշխարհում գնահատվող ցուցանիշները։ Ըստ Մուրադյանի՝ ապրելիության 75 տոկոսը խոսում է այն մասին, որ իրականացված աշխատանքը և ձեռքբերումները թույլ են տալիս անգամ կիսվել այդ հաջողություններով․

«Ունենալով նման հզոր Արյունաբանության կենտրոն, որտեղ այդպիսի զարգացած մեթոդաբանություն և տեխնոլոգիաներ է կիրառվում, մեծ ձեռքբերում է» ։

Համաժողովը Հայաստանում անցկացնելն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատմական է համարում։ Նա ասում է, որ այս մասշտաբի մասնագիտական միջոցառումը լավ առիթ է ծանոթանալու այս պահին աշխարհում անընդհատ զարգացող բուժման նոր մեթոդների, հնարավորությունների և գիտական կարևոր աշխատանքների հետ։ Ավանեսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի մեր երկրում կրկնապատկվել է մանկական քաղցկեղի բուժման պետական ֆինանսավորումը: Իսկ բարեգործական հիմնադրամների հետ համագործակցության միջոցով հնարավոր է եղել հոգալ Հայաստանում մանկական քաղցկեղի խնամքի հետ կապված ծախսերը:

Նախարարը մատնանշում է այս ոլորտի ձեռքբերումներից մասնավորապես այն, որ Հայաստանում այժմ իրակացվում է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, ինչը բավական բարդ, թիմային աշխատանք է։

«Նախորդ տարի մեր մասնագետները, բարձրակարգ կլինիկաներից այստեղ ժամանած բժիշկների օգնությամբ, որոնք իրենց փորձը և գիտելիքները փոխանցեցին մեր բժիշկներին, իրականացրին մի քանի նման փոխպատվաստումներ, և մեր թիմը այժմ պատրաստ է շարունակելու այս գործընթացը: Նշեմ, որ տարբեր երկրներից նույնպես երեխաներ են ժամանել այդ փոխպատվաստումը և բուժումը Հայաստանում իրականացնելու նպատակով»:

Իտալացի մանկական ուռուցքաբան, արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկները վիճակագրություն է ներկայացում, ասելով, որ փոխպատվաստում է իրականացվել 5 երեխայի մոտ, որոնցից 4-ը հաջողությամբ բուժվել են․

«Սա նշանակում է, որ մենք 80 տոկոս դեպքերում արդեն  ունենք հաջողություն, իսկ Հայաստանում փոխպատվաստումներ իրականացնող թիմը հաջողությամբ իրականացնում է այդ բուժման գործընթացը և կարող է ընդլայնել այս ծառայությունը՝ ընդգրկելով ավելի շատ հիվանդների։ Ոսկրածուծի փոխպատվաստումը թանկարժեք ծառայություն է և շատ երկրներում, ցավոք, անհասանելի է»:

Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական, համաժողովի կազմկոմիտեի նախագահ Գևորգ Թամամյանը նշում է, որ քաղցկեղն այնպիսի հիվանդություն է, որը չի խնայում նաև երեխաներին․

«Ամեն օր մենք առնչվում ենք մեկ մարտահրավերի, ու վստահ եմ, որ այս օրերի ընթացքում մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համագործակցենք, կիսվենք միմյանց հետ»։

Հայաստանում ամեն տարի մանկական քաղցկեղի շուրջ 100 առաջնակի դեպք է գրանցվում ։ Սա համաշխարհային միջին ցուցանիշ է։ Այս երեխաներից 75-ն առողջանում է ամբողջապես, ինչը մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։

Կարդացեք նաև

Back to top button