ԿարևորՀասարակություն

Դատապարտումները ոչ միայն արձանագրումներ, այլև քաղաքականության մաս պետք է դառնան

Միացյալ Նահանգները  երկու տարբեր զեկույցներով դատապարտում է  կրոնական ազատությունների սահմանափակումները։ Մի դեպքում խոսքը Պետքարտուղարության զեկույցի և Թուրքիայի, մյուս դեպքում Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի և Բաքվի մասին է։ Դատապարտումները կարևոր են, բայց ոչ բավարար՝ ասում են փորձագետները  ու կարևոր համարում, որ դրանք ոչ միայն արձանագրումներ, այլև ԱՄՆ քաղաքականության մաս դառնան։

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կրոնական ազատությունների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում անդրադարձել էԱդրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում,  հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու հարցին։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը վերացնում է հուշարձանների հայկական հետքը։

Մատնացույց են արվում արբանյակային լուսանկարները, որոնցում, օրինակ,  երևում է  Հադրութի ավերված Սուրբ Սարգիս եկեղեցին։ Ըստ արձանագրված մի շատ փաստերի՝  Ադրբեջանն ընդգրկվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Բաքուն պետական մակարդակով է իրականացնում հայկական մշակութային ժառանգության դեմ արշավը։ Հեղինակները շեշտում են նաև, որ Եվրախորհրդարանը ևս դատապարտել է հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու հետևողական ջանքերի քաղաքականությունը։

Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողովի առաջին նախագահ Գագիկ Գյուրջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում միջազգային հանրության դատապարտումները  բավարար չի համարում, պնդում է՝ անհրաժեշտ է ունենալ հայկական ժառանգության պահպանության հատուկ մարմին, որը կկորդինացնի աշխատանքներն ու հետևողական կլինի միջազգային հանրության ուշադրությունն այս խնդրի վրա կենտրոնացած պահելու հարցում․

«Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը բավարար չեն, տարբեր կազմակերպություններ դիմում են միջազգային ատյաններ, կառույցներին, սակայն քայլերը բավարար չեն, քանի որ առանձին-առանձին են իրականացվում և ՀՀ շատ դեպքերում տեղյակ չէ թե ինչ գործընթացներ են իրականացվում։ Պետք է կապ ապահովող կոորդինացնող մարմին լինի»։

Հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերով տարբեր կազմակերպություններ են  դիմում միջազգային համապատասխան կառույցներին, սակայն համակարգված աշխատանք է հարկավոր, մեկ միասնական կառույց, որը կհավաքի փաստերն ու տվյալները։ «Ռադիոլուրի» զրուցակիցը կարևորում է այս գործում Սփյուռքի ներուժի օգտագործումը։ Հուշում է նաև, որ այս հարցում մեզ կարող են օգնել ճապոնացի մասնագետները։

«1998 թվականին, երկրաշարժից հետո Ճապոնացիներն ուսումնասիրություն են իրականացնում և տեղեկությունների հսկայական բազա ունեն և այս հավաքված բազան պետք է օգտագործել, այս ուղղությամբ աշխատանք է հարկավոր։ Պետք է կոորդինացնող մարմին լինի»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի հետ զրուցում նկատում է՝  հայկական հուշարձանների ոչնչացումը հետևողական քաղաքականության  հետևանք է, հիշեցնում է Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը և եզրահանգում, որ միջազգային հանրությունից մեծ սպասելիքները տեղին չեն․

«Ամեն  տարի զեկույց են ներկայացնում, և պարզ է, որ մի բան պետք է արտացոլվի, չէ՞, այդ զեկույցներում, այնպես, որ ներկայացվում են ներկայացվելու համար։ Իսկ հայկական եկեղեցիները ոչնչացվում են, և տեղում մզկիթներ կառուցվում, հետո որ հայերը իրենց եկեղեցու տեղում նորից եկեղեի են կառուցում, ասում են քանդեցին մզկիթը»։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում ավերվել է ավելի քան 1450  հուշարձան՝ 161 վանքեր ու եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր:

Արցախը բազմիցս  ահազանգել այդ հուշարձանների ոչնչացման վտանգի մասին ու շեշտել Արցախ  ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղումը։ Այս առումով, սակայն, Հրանտ Միքայելյանը նկատում է․

«Հիշեք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը Մեհրիբանն է, և չպետք է շատ սպասելիքներ ունենալ այդ կառույցից, սակայն դա չի նշանակում, որ քայլեր պետք է ձեռնարկել։ Աշխատել է պետք և փաստերը հիմնավորված ներկայացնել»։

ԱՄՆ մեկ այլ զեկույցում էլ խոսվում է  Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման  մասին, շեշտվում է, որ հարձակումներ են իրականացվում  հայկական եկեղեցիների և դպրոցների վրա։

«Դա Հայոց ցեղասպանության շարունակությունն է։ Բացի եկեղեցիներից ու դպրոցներից՝ ոչնչացվում են նաև հայկական գերեզմանոցներն ու  հայկական թաղամասերը։ Օրինակ՝ Մուշում ասում են տեղի բնակիչներին, թե իբր այդ տարածքներում ոսկիներ կան, ու մարդիկ սկսում են քանդել հայկական հուշարձանները՝ ոսկի գտնելու ակնկալիքով, ու ոչնչացվում է հայկական հետքը այդ տարածքներից»։

Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական քայլեր են իրականացնում, իսկ միջազգային հանրությունն իր զեկույցներում ողջ իրականությունը  չի ներկայացնում՝ ասում է Հրանտ Միքայելյանն ու կարևոր համարում, որ դատապարտումները ոչ միայն արձանագրություններ,  այլև ԱՄՆ քաղաքականության մաս դառնան։

Back to top button