ԿարևորՀասարակություն

Երևանն առանց քաղաքապետի․ վարչական դատարանը կքննի արտահերթ ընտրություններ չանցկացնելու հարցը

«Ապրելու երկիր» կուսակցությունը  դատական կարգով  վիճարկում  է Երևանի քաղաքապետարանը շուրջ 2 տարի առանց ընտրված քաղաքապետի թողնելու հարցը։ Կուսակցության ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության, քանի որ կարծում են, որ գործադիրը մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ հրավիրելու հարցում անգործություն է ցուցաբերել։

Կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ եթե կառավարությունը շարժվեր ըստ օրենքի, ապա քաղաքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո պետք է կրճատեր գործող ավագանու լիազորությունների ժամկետը և արտահերթ ընտրություններ նշանակեր։

«Սա, ըստ էության, Կառավարության կողմից չի կատարվել, ինչը թե «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքից է բխում, թե Ընտրական օրենսգրքից։ Սա իմպերատիվ դրույթ է, որը Կառավարության կողմից պետք է անպայման իրականացվեր, այսինքն՝ սա կառավարության համար հայեցողական լիազորություն չէ, որ նշանակի ընտրություն կամ ոչ, այլ պարտադիր դրույթ է, որը, ըստ էության, կառավարությունը չի իրականացրել»,-ասում է փաստաբանը։

Երևանի  քաղաքապետի պաշտոնը թափուր է 2021-ի տարեվերջից, երբ ավագանին անվստահություն հայտնեց ավելի քան 3 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Հայկ Մարությանին։ Նրան ժամանակավորապես փոխարինած Հրաչյա Սարգսյանը1 տարուց փոքր–ինչ ավելի պաշտոնավարելուց հետո մարտի 17-ին հրաժարական տվեց։ Երևանի քաղաքապետի փաստացի թափուր աթոռը զբաղեցրեց առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Ավագանիում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ այս փուլում արտահերթ ընտրություններ կազմակերպելը նպատակահարմար չի համարում։

Ընտրական օրենսգրքի 142.3 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի, այս դեպքում քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանին մեկամսյա ժամկետում պետք է քաղաքապետ ընտրի։ Թե ինչ կլինի, եթե ավագանին սահմանված ժամկետում այդպես էլ քաղաքապետ չընտրի, օրենքը հստակ չի սահմանում։ Փոխարենն ուշագրավ սահմանում է պարունակում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը։ Դրա 17-րդ հոդվածը ամրագրում  է՝ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ ընտրվում։

Ավագանիում մեծամասնություն ունեցող «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ ունեցած զրույցում ասում էր,  որ օրենսդրական կարգավորումը  միանշանակ չէ և այս պահանջը վերաբերում  է նորընտիր ավագանու առաջին նիստում քաղաքապետի ընտրությանը։

«Օրենքը տվյալ դեպքում մի քանի ձևով է մեկնաբանվում, բայց այն մեկնաբանությունը, որ քաղաքապետ չընտրելու դեպքում պարտադիր պետք է լինեն արտահերթ ընտրություններ, հստակ չէ»,-ասել էր ավագանու անդամը։

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան

«Ապրելու երկիր» կուսակցության փաստաբանը, սակայն, հակադարձում է՝ օրենքը ճիշտ մեկնաբանելու խնդիր կա։ Ըստ Լևոն Օհանյանի՝  օրենսդրական  բաց չկա, պարզապես քաղաքական իշխող ուժն այն մեկնաբանում է իր հայեցողությամբ։

«Եթե ըստ իրենց մեկնաբանության այդ նորմը վերաբերելի է միայն նորընտիր ավագանուն, ապա պատկերացնենք մի իրավիճակ որ նորընտիր ավագանին ընտրում է քաղաքապետ, իսկ քաղաքապետը մի քանի ամիս հետո հրաժարական է տալիս, ի՞նչ պետք է լինի այս պարագայում․ պե՞տք է տարիներով մնանք առանց քաղաքապետի։ Իրենց տրամաբանությունը սրան է տանում։ Իսկ եթե հարցին քաղաքական տեսանկյունից նայենք, ապա քաղաքական նպատակահարմարություն չեն տեսնում արտահերթ ընտրությունների, քանի որ հերթականին մի քանի ամիս բան է մնացել։ Բայց օրենքի տեսանկյունից սա անընդունելի է․ օրենքը կա և կարգավորումը հստակ է ու վերաբերելի մեր իրավիճակին»,-ասում է Լևոն Օհանյանը։

Փաստաբանն ասում է՝ ակնկալում են, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի, որի  հիմքով ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ Սակայն չեն բացառում նաև, որ ծանրաբեռնվածության պատճառով դատարանը չի հասցնի քննել գործը ու որոշում կայացնել մինչև սեպտեմբերին նախանշված ավագանու ընտրությունները։ Ասում են ՝ կարևորը օրենքի պահանջը չշրջանցելն է։

Back to top button