
Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց` հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ կոկաինը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախօրեին հաղորդվել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել՝ 2.7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: Առգրավված թմրանյութը վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ:




