ԿարևորՔաղաքական

Հնարավորություններ՝ ականների տակ․ բրյուսելյան հայտարարության հետքերով

Հայաստանում արդեն երկու օր վերլուծում են բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքները ՝ փորձելով հասկանալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարության ուղերձները։ Ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում գերակշռում են դժգոհությունները, մինչդեռ միջազգային հարաբերությունների մասնագետները  բրյուսելյան ուղերձներում նոր երանգներ ու հնարավորություններ  են տեսնում։

Ըստ Բրյուսելի հրապարակած թվերի՝ որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը, արդյո՞ք այն Ադրբեջանին «բաժին հասած» 86 600 քառակուսի կիլոմետր տարածքում  է․այս պարզ հարցի պատասխանը նույնքան պարզ կամ միանշանակ չէ՝ ըստ  Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի։

«Մի պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ՝ այո կամ ոչ։ Ինչպես գիտեք, տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է։ Այսինքն, այստեղ նոր բան դժվար թե լինի այս առումով։ Հինգերորդ անգամ նշում եմ՝ այս պահին բանակցությունները ընթանում են ԼՂ իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների շրջանակներում ապահովման շուրջ»։  

Թե որոնք են այդ «միջազգային մեխանիզմները» և ում կողմից պետք է ապահովվեն, այս պահի դրությամբ դեռ հստակ չէ։

«Դրա մի շարք տարբերակներ կան։ Դա կարող է լինել երկիր, դա կարող է լինել նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը։ Կան տարբերակներ և հենց դա քննարկման առարկա է»։

Միջազգային փորձը սրա լուծումներն ունի։ Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում առանձնացրել է Շարլ Միշելի հայտարարության մի քանի դրական հատված, որի մեջ է նաև «միջազգային մեխանիզմի» ստեղծման գաղափարը։ Իսկ դա, ըստ մասնագետի նշանակում է, որ միջազգային հանրությունը գիտակցում է՝ Արցախը հնարավոր չէ միայնակ թողնել Ադրբեջանի հետ։

«Մեր հանրությունն ամեն ինչ հանգեցնում է Արցախի անկախության ճանաչմանը։ Իրենց թվում է, որ դա երաշխիք է Արցախի անվտանգության համար։ Նույնիսկ ներկայիս ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Իրականում, Արցախի տվյալ դժվարին իրավիճակում փրկության միակ երաշխիքը կարող է լինել այն, ինչ եղել է Կոսովոյում, նույն Արևելյան Թիմորում և նույն Հարավային Սուդանում։ Միջազգային ներկայություն։ Ռուս խաղաղապահները ուրիշ խոսակցություն են։ Իրենք ուղղակի կանխում են Ադրբեջանի բանակի Արցախ մտնի։ Սակայն միջազգային խաղաղապահ առաքելությունը ունենում է քաղաքացիական, քաղաքական կոմպոնենտներ, մարդու իրավունքների կոմպոնենտներ, ոստիկանական կոմպոնենտ, որը կարող էր այդ ցուցարարներին ժամանակին ուղղակի հեռացնել, որովհետև դա ոստիկանության ֆունկցիան է, ոչ թե ԶՈՒ։ Այդ բոլոր կոմպոնենտները և միջազգային կազմակերպությունից ստացված մանդատը բացակայում են»։

Բրուսելյան բանակցություններից դժգոհ են հենց Արցախում։

Ըստ Արցախի արտգործնախարարության՝ թե հայտարարության ընդհանուր բովանդակությունը, թե դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն սեփական աշխարհաքաղաքական շահերով։

Արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը տարակուսում է, որ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Լաչինի միջանցքի՝ ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման և դրա հետևանքների մասին։

«Ափսոսանք ենք հայտնում, որ իր խոսքում Շարլ Միշելը չանդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Եվ ամենից կարևորը, որ անգամ չնշվեց Ադրբեջանի կողմից ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջների չկատարումը և այն հումանիտար ծանր իրավիճակը, որը Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով մենք ստացել ենք տեղում»։

Դժգոհություններ են հնչում նաև հայաստանյան ընդդիմադիր դաշտում։ Բրյուսելյան հանդիպումից  որևէ առաջընթաց չի ակնկալում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ես չեմ տեսնում այստեղ Հայաստանի շահածը։ Տեսնում եմ Ադրբեջանի շահածը բոլոր կետերում։ Միակ բանը, որ ակնկալում ենք մոտ ապագայում, որ գերիներին պետք է ազատ արձակեն, այն էլ վաղուցվա պահանջ էր։ Առավել մեծ պահանջներն Ադրբեջանն այսօր  ուղղակի անտեսում է, միջազգային դատարանի որոշումն է անտեսել։ Դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շարլ Միշելը։ Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»։

Ի հակակշիռ քննադատությունների՝  Սոսի Թաթիկյանը Շարլ Միշելի հայտարարությունից այլ հատված է առանձնացնում։

«Շատ կարևոր է այն, որ Շարլ Միշելն արտաբերել է «ԼՂ նախկին ինքնավար շրջան» բառակապակցությունը։ Դա առաջընթաց է, որովհետև եթե դուք հետևեք Շարլ Միշելի որևէ հայտարարության, այնտեղ ընդհանրապես արդեն չէր օգտագործվում «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։ Օգտագործում էին հիմնականում «Ադրբեջանի էթնիկ հայերը» ձևակերպումները։ Այսինքն՝ ԼՂ–ն որպես միավոր գոյություն չուներ։ Բայց ինչո՞ւ է «նախկին», որովհետև Ադրբեջանը լուծարել է ինքնավարությունը և ասում է, որ այդպիսի միավոր գոյություն չունի։ Ադրբեջանն արել է այն, ինչ ժամանակին արել էր Միլոշևիչը Կոսովոյի հակամարտության սրացումից առաջ։ Նույն սցենարն է հիշեցնում Ադրբեջանի վարքագիծը։ Շարլ Միշելը պետք է այնպիսի հայտարարություն անի, որ Ադրբեջանը սաբոտաժ չանի բանակցությունները։ Դրա համար գտնվել է փոխզիջումային ձևակերպում»։

Մասնագետի կարծիքով՝ ձևակերպումներում փոփոխություններ են  եղել, քանի որ Ադրբեջանը դեռ չի կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել ողջամիտ ծրագիր, որով կապահովի ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։ Բայց ամեն դեպքում, կարծում է, որ հայկական կողմը բարդ իրավիճակում է՝ տասնամյակների ընթացքում խճճված բանակցային գործընթացի պատճառով։ Թաթիկյանի պնդմամբ՝ ինքնորոշման հարցը պետք է բարձրաձայնի հենց Արցախը։

Back to top button