Դպրություն

Առաջին դասարանցիների առցանց հայտագրում. ի՞նչ պետք է իմանալ․ «Դպրություն»

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։ Իսկ մինչ այդ, որպես հայտագրման նախապատրաստական և անչափ կարևոր քայլ՝ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։

«Արդեն 5–րդ տարին է, որ ՀՀ–ում առաջին դասարանցիների ընդունելությունը բոլոր այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի նույն կրթական աստիճանի ուսումնական հաստատություն, այսինքն առաջին դասարան ընդունվող, կազմակերպվում է առցանց եղանակով՝ հայտագրման միջոցով։ Այս տարի ևս համակարգը աշխատելու է ողջ տարվա ընթացքում։ Բայց ես ուղղակի խնդրում եմ ծնողներին, որ չուշացնեն, չսպասեն հունիսի 12–ին, այլ հենց հիմա մտնեն stugum.emis.am կայք և տվյալների ստուգում իրականացնեն», – հորդորում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»–ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Տվյալների նախապես ստուգումը նաև շահեկան է, որովհետև այդ օրը, մինչև համակարգը ուղղորդի՝ քայլեր արեք ու ստուգեք, մյուս ծնողը կգրանցի իր երեխային, և հնարավոր է արդեն տեղերը լրանան։ Իսկ առաջին դասարան եկող աշակերտի համար դասվար ընտրում է դպրոցը, որովհետև մենք պետք է հասկանաք և հաշվի առնենք տվյալ երեխայի շահը։ Պետք է ծնողը վստահի դպրոցին։ Թե չէ պատվերով համերգի նման մի բան է ստացվում», – ասում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը։

Back to top button