ԿարևորՔաղաքական

Պայմանավորվածությունները՝ թվերով․ ի՞նչ են ներառում տարածքների թվային արտահայտությունները

Բրյուսելում կիրակնօրյա եռակողմ՝ Փաշինյան–Միշել–Ալիև բանակցությունների արդյունքները ամփոփվեցին նաև թվերով։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, ամրագրվեց նաև թվային արտահայտությամբ՝ Հայաստանի տարածքը 29 հազար 800, Ադրբեջանինը 86 հազար 600 քառակուսի կմ։

Բրյուսելից հրապարակված թվերը տարբեր կերպ են մեկնաբանվում Հայաստանի խորհրդարանում։  Քաղաքական մեկնաբանություններից զատ՝ դրանք  նաև քարտեզագետների ուշադրության կենտրոնում են։ Ի՞նչ են ներառում  և ի՞նչ չեն ներառում տարածքների թվային արտահայտությունները։

29 800–ը և 86 600–ը ոչ միայն թվային արտահայտություններ են, այլ նաև հստակ ձևակերպումներ։ Երկրորդը Ադրբեջանի տարածքի թվային արտահայտությունն է, որը, ըստ էության, ներառում է նաև Արցախը։ Բրյուսելից հրապարակված թվերը տարբեր կերպ են մեկնաբանվում Հայաստանի խորհրդարանում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խուսափում է ուղիղ պատասխաններից, իսկ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը զգուշացնում է։

Անդրանիկ Քոչարյան. «Կարող եմ ասել, որ Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է։ Գնում են բանակցություններ, վերջում, երբ հրապարակվի ամբողջ բանակցությունների տրամաբանությունը և քայլերի հաջորդականությունը, այն ժամանակ մենք կարձանագրենք, թե ինչն է արձանագրելու, ինչը՝ ոչ։ Այսօր պետք է արձանագրենք՝ Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, մենք էլ իրենցը։ Բայց այնտեղ գտնվում է նաև ԼՂ–ն, որը իր կյանքը կառուցել է իր հռչական չափորոշիչներով։ Արցախը ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը։ Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է ու մոտակա ևս 2–3 տարին։ Հետո կտեսնենք»։

Արթուր Խաչատրյան․ «Փաշինյանը չունի այդ իրավունքը։ Դեռ 1992 թվականի հուլիսի 8–ին Հայաստանի այն ժամանակվա Գերագույն խորհուրդը որոշում էր ընդունել, որտեղ արգելել է Հայաստանի իշխանություններին ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս»։

Այն քարտեզները, որոնցով պետությունները 1991–ին անկախացել են Խորհրդային Միությունից, ըստ էության, 1975 թվականի քարտեզներն են։

Հրապարակված տարածքներով և քարտեզներով խոսքը միայն Արցախի մասին չէ։ Սահմանագծումից և սահմանազատումից առաջ Ադրբեջանը բազմիցս բարձրաձայնել է նոր տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ։ Անկլավները, որոնք խորհրդային տարիներին առանց իրավական հիմնավորումների են փոխանցվել Ադրբեջանին, իրականում Հայաստանի համար վտանգավոր են նաև աշխարհագրական առումով՝ ասում է քարտեզագետ Շահեն Շահինյանը։

«Մեկը ադրբեջանական անկլավներից ներկայիս Տիգրանաշեն, «Քյարքի» կոչված հատվածն է, Արարատի մարզում։ Այդտեղով  անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող միջպետական Մ2 ճանապարհը։ Մյուս երկու անկլավները գտնվում են Տավուշի մարզում։ Մեկը վերին Ոսկեպար կամ ինչպես ադրբեջանցիներն են կոչում «վերին Ախկիպարը», որը նախկինում բնակավայր էլ չի եղել, քոչատեղի է եղել ընդամենը անասնապահական։ Մյուս անկլավը, որտեղ մի քանի գյուղ է եղել՝ Բարխուդարլուն, Սոֆուլուն։ Հատկանշանական է, որ այս անկլավներով էլ անցնում է Հայաստանը Վրաստանին կապող միջպետական կարևոր ճանապարհներից մեկը՝ Նոյեմբերյանով անցնող ճանապարհը և, եթե հանկարծ, այդ անկլավների փոխանցման իրավիճակ ստեղծվի, ապա Հայաստանը երկու կարևոր զարկերակ կարող է կորցնել»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ խոսել է անկլավների շուրջ հնարավոր քննարկումների մասին։ Սկզբունքորեն դեմ չէ, հայտարարել է թե՛ ԱԺ–ում, թե՛ ասուլիսների ժամանակ։  

«Դա կարող է լինել հետաքրքիր, և մենք չենք մերժում դա, որովետև հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է։ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70%–ը օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70%–ը օկուպացված է, օկուպացված է Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը։ Դա եղել է 1992–94 թթ․–ին»։

Սրան գումարվում է նաև Արծվաշենը, որը գրավվեց 1992-ին։ 4 հազար հայ բնակիչ ունեցող գյուղ էր, իր տարածքով ավելի մեծ, քան ադրբեջանական անկլավ կոչվածները միասին վերցրած։ Այս դեպքում քարտեզագետները դիտարկում են փոխանակման հնարավորությունը, սակայն հստակեցնում են՝ դա արվում է, երբ կողմերը պատրաստ են բանակցել և պայմանավորվել։ Իսկ այս դեպքում ի՞նչ նոր պահանջներ առաջ կքաշի Ադրբեջանը՝ հայտնի չէ։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը անկլավների հարցում հիշեցնում է հենց Ադրբեջանի օրենսդրական հիմքերը։

«Ամենակարևորը՝ Ադրբեջանի Սահմանադրության ակտը։ Երկրորդ հոդվածում ասվում է․ «Մենք ժառանգն ենք 1918–1920 թվականի Ադրբեջանի Հանրապետության և նրա տարածքի»։ 1918–1920 թթ ոչ մի անկլավ գոյություն չուներ։ Նրանք ստեղծվեցին 1936–39թթ․–ին»։

29 800 քառակուսի կիլոմետրը ևս մեկ հուշում ունի․ քարտեզագետ Շահեն Շահինյանը պնդում է՝ այդ թվի մեջ ներառված են նաև այն տարածքները, որտեղ 2021 թվականից հետո փորձում են հաստատվել Ադրբեջանի ԶՈԻ։ Նշված տարածքով Հայաստանի ամբողջականությունը ենթադրում է, որ հայկական տարածքներից ադրբեջանցի զինվորները պետք է դուրս գան։

Այս տեսանկյունից քարտեզագետը առանձնացնում է մասնագիտական կարևորագույն նրբություն․

«Օրինակ՝ Մեծ Իշխանասարի հատվածում, համաձայն 1970–ականների քարտեզի, սահմանն անցնում է Իշխանասարի գագաթով։ Այստեղ շատ կարևոր մի հարց է առաջանում․ սահմանազատման արդյունքում, երբ սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկու կողմում, ո՞ւմ է պատկանելու այդ գագաթը, քանի որ ով վերահսկի բարձունքը, վերահսկելու է բարձունքից այն կողմ ընկած մի քանի կիլոմետր տարածքը։ Այսինքն՝ դե յուրե փաստաթղթով ֆիքսվելու է, որ սահմանազատվել է չգիտեմ Ալմաթիի հռչակագրի, որ ֆիքսվել է այսքան մակերես տարածք, բայց ունենալով այդ մի կետը հնարավոր է լինելու վերահսկել ամբողջ խորությունը։ Նմանատիպ տարածքները բազմաթիվ են»։

Որքանով են մասնագիտական նրբությունները հաշվի առնում սահմանագծման և սահմանազատման հարցերով ստեղծված պաշտոնական հանձնաժողովները, հայտնի չէ, քանի որ հայտնի չէ որևէ քարտեզագետի անուն, որն ընդգրկված է այդ հանձնաժողովների աշխատանքներում։

Back to top button