
Ադրբեջանի համար խաղաղությունը շղարշ է՝ իրական նպատակները քողարկելու համար՝ վերլուծելով փաստերը՝ եզրահանգում են իրավապաշտպանները։ «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ նոր զեկույց է հրապարակել՝ ամփոփելով սեպտեմբերյան մարտերի ժամանակ ադրբեջանական խոշտանգումների փաստերը։
Դրանք, ըստ իրավապաշտպանների, ապացուցում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և սեպտեմբերյան վայրագությունների միջև կապը:
Ադրբեջանական իշխանություններն իրականում չունեն որևէ խաղաղասիրական մտադրություն։ Սա վերահաստատում և արձանագրում են այն փաստերը, որոնք հավաքել և ուսումնասիրել է «Թաթոյան» հիմնադրամը՝ Համեմատական իրավունքի կենտրոնի հետ։ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում և ապացուցում է Ադրբեջանի իշխանությունների իրական մտադրությունները։
«Այսպես կոչված՝ խաղաղությունը, իրենց տեսանկյունից, ընդամենը շղարշ է արտաքին աշխարհի համար, բայց իրականում բոլորովին այլ նպատակներ ունեն»։
Խաղաղության օրակարգի պայմաններում անգամ հայ ռազմագերիներն Ադրբեջանի կողմից ենթարկվում են նույն դաժանություններին՝ անդրադառնալով 2022-ի սեպտեմբերի 13-14-ի հարձակումների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ռազմական հանցագործություններին, նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Փորձել ենք տեսնել՝ արդյոք խաղաղության օրակարգի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն, կա՞ն դրական միտումներ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում, որը կարող էր դրական ազդանշան լինել, որ այդ խաղաղության օրակարգը կեղծ չէ։ Ցավով արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգի շրջանակում հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխություն չկա։ Վերաբերմունքը նույնն է․ այն օրինաչափությունները, որ եղել են նախկին զեկույցներում, կրկնվել են, հատկապես խոսքը վերաբերում է ռազմական ոստիկանությունում դաժան ծեծերի դեպքերին»։
Սահակյանի փոխանցմամբ՝ դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելով, եղանակային պայմանների միջոցով այնպիսի վիճակի մեջ դնելով, որը հավելյալ տառապանքներ կպատճառեր ռազմագերիներին։ Այդ ամենը շարունակվել է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է ԱՆ ենթակայությամբ գտնվող պահման վայրերում։ Արձանագրվել են բուժօգնություն չցուցաբերելու դեպքեր։ Փոխարենը միջազգային հանրությանը ներկայացնելու համար բեմականացրել են հումանիզմի դրսևորումներ։ Դա բացահայտել են տեսանյութերի ժամանակագրությունը վերլուծելու միջոցով։ Փաստաբանի փոխանցմամբ՝ նաև արտադատական սպանություններ են բացահայտել, որոնց թիվն, ի դեպ, ավելացել է 40 տոկոսով. 2020-ի պատերազմից հետո 33 գերուց 14-ը սպանվել են։
Ադրբեջանի նպատակն է, նվազեցելով հայ գերիների թիվը, նվազեցնել պատասխանատվությունը՝ ասում է նախկին օմբուդսմենը։ Գերիների պաշտոնականացված թիվը 33 է, բայց չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա՝ հստակեցնում է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։
Հավաքված և ուսումնասիրված փաստերի հիման վրա կազմված նոր զեկույցը ներկայացվել է նաև միջազգային ատյաններին։ Ամփոփելով փաստական նյութերը՝ հեղինակներն ապացուցում են Բաքվի հայատյաց քաղաքականության և կատարված վայրագությունների կապը։ Արման Թաթոյան.
«Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների տեսանյութերը, խոշտանգումները, ակնհայտ է դառնում, որ այդ խոշտանգում կատարողները ոգեշնչված են իշխանություններից և նրանք անգամ խոշտանգելիս, այդ հանցանքները կատարելիս օգտագործում են անգամ այդ նույն բառերը»։
Թաթոյանի խոսքով՝ հայի նկատմամբ թշնամանքը ադրբեջանական իշխանությունները օգտագործում են որպես ներքին քաղաքական գործիք՝ ամրացնելու համար իրենց դիրքերը Ադրբեջանի ներսում։ Պետական հովանավորությամբ ատելության քարոզը թիրախավորել է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։ Վերջինը նպատակային նոր միտում է՝ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվող։
«Նրանց թիրախն առհասարակ հայկականությունն է, և չկա այստեղ որևէ տարբերակում. սա շատ հստակ է։ Եթե, օրինակ, մի պահ որոշում են առանձնացնել Արցախը, սա ամենևին չի նշանակում, որ նրանք Հայաստանն իրենց թիրախի տակ չեն պահում։ Երեկվա, այսօրվա զինված հարձակումները Գեղարքունիքի մարզի նկատմամբ ակնհայտ ապացուցում են այս թեզերը»։
Ադրբեջանը նաև ագրեսիվ ապատեղեկատվություն է տարածում՝ իր արածը վերագրելով հայկական կողմին։ Իրավապաշտպաններն օկուպացիայի նոր դրսևորում են համարում նաև Բաքվի առցանց արշավը օրինակ՝ «Գուգլ» ցանցի միջոցով Հայաստանի տեղանունները փոխելը։





