
Վաշինգտոնից հետո հաջորդ շաբաթ ուշադրությունը սևեռվելու է Մոսկվայի ուղղությամբ, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում փորձագիտական շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Մոսկովյան հանդիպումների օրակարգը չի հստակեցրել, սակայն ակնհայտ է, որ հանդիպումների առանցքում կրկին ԼՂ հակամարտությունը և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն են։ Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Փաշինյանը որոշ փակագծեր է բացել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներից։
Այս պահին կա առնվազն 5 խոչընդոտ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրման համար։ Թե որոնք են դրանք, բացահայտել է Հայաստանի վարչապետը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում փորձագետների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պատրաստ ենք պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այս պահին նման համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են. մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում։
Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։
Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն»։
Ըստ էության՝ արձանագրվում է, որ առաջնային լուծում պահանջող խնդիրները վաշինգտոնյան բանակցություններից առաջ և հետո նույնն են։
Փորձագետների հետ Հայաստանի վարչապետի հանդիպումից պարզ դարձավ, որ հայկական կողմը պատերազմյան և հետպատերազմյան շրջանում, ըստ էության, դժգոհ է ՀԱՊԿ–ից, որը, ըստ Փաշինյանի, չի կարողացել իրականացնել Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտականությունները, դժգոհություն կա նաև ՄԱԿ ԱԽ–ից, որտեղ, Փաշինյանի կարծիքով, անհապաղ պետք է քննարկվեր ԼՂ–ում տիրող իրավիճակը։ Սկզբում պատերազմ, հետո շրջափակում․ Փաշինյանն ասում է՝ աշխարհակարգը սկսեց փլուզվել ոչ թե Ուկրաինայի, այլ 44–օրյա պատերազմի ժամանակ։
«Միջազգային հանրությունը պետք է հստակ և դիպուկ գնահատական տա Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Սա կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի, այլև մեր տարածաշրջանի ժողովրդավարության ապագայի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում օդում կախված հիմնական հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն և կայունություն մեր տարածաշրջանում»։
Կասկածներով հանդերձ ու ապագա մարտահրավերները հաշվի առնելով՝ ճիշտ քայլ է համարում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ–ում։ Նույնը ակնկալում է ԼՂ–ի դեպքում՝ այդ տարածքում անհրաժեշտ համարելով միջազգային փաստահավաք առաքելության տեղակայումը։
«Դյուրին որոշում չէր ԵՄ մոնիտորինգային առաքելություն Հայաստան հրավիրելը, որովհետև դա անվտանգության որևէ երաշխիք չի տալիս։ Բայց, մյուս կողմից, կարող է նոր մարտահավերներ առաջացնել։ Իսկ, մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի պահպանենք միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Քանի որ Ուկրաինայի իրադրձություններից հետո միջազգային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռվել է Ուկրաինայի վրա։ Դա նաև անկայունության հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում»։
Փաշինյանը հստակ ընդգծում է, թե ինչն է ամենաշատը խանգարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատմանը՝ պաշտոնական քաղաքականությամբ զարգացող հայատյացությունն ու վրեժը, թե պատերազմից առաջ, թե դրանից հետո։
Հիշեցնում է՝ նույն Պրահայում քառակողմ հանդիպումը արդյունավետ գնահատվեց, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու՝ ըստ Ալմաթիի հռչակագրի։ Սակայն դրանից հետո Ադրբեջանը նորից դրժեց խոստումներն ու պայմանավորվածությունները, սկսեց խոսել նոր պահանջների, ձեռքի տակ ունեցած ինչ–որ պատմական քարտեզների և անգամ Հայաստանի մայրաքաղաք Երևանի նկատմամբ ոտնձգությունների մասին։
«Ի՞նչ պատմական քարտեզների մասին է խոսում Ադրբեջանի նախագահը։ Անգամ կեսկատակ ասվել է՝ գուցե՞ տեղին կլիներ օգտագործել մեր տարածաշրջանի այն քարտեզները, որոնք Հիսուսի ծնունդից առաջ են գոյություն ունեցել։ 100%–ով համոզված եմ, որ մենք կարող ենք մատնացույց անել Հայաստանի տարածքը այդ քարտեզների վրա։ 100%–ով համոզված ենք, որ ոչ ոք չի կարողանա այդ քարտեզների վրա ցույց տալ Ադրբեջանը։ Ի՞նչ ասել է՝ պատմական քարտեզներ»։
Ամեն դեպքում, Փաշինյանը շարունակում է պնդել՝ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել հարաբերությունների կարգավորման պայմանագիր, քանի որ համարում է, որ խաղաղությունը այլընտրանք չունի։




