ԿարևորՔաղաքական

Հայաստանի վարչապետը կոչ է անում հասցեական գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատճառն այն է, որ չնայած պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ սրելով իրավիճակը Հայաստանի սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում»,- ասել է վարչապետը։

Նա ասել է, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում է։

«Արդեն չորս ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Ավելին, Ադրբեջանը խաթարել է Արցախ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումը, սննդամթերքը կտրոնով է տրամադրվում՝ հանգեցնելով հումանիտար ճգնաժամի»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ և հասցեական գնահատական տա իրավիճակին, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նախապատրաստություն են։

«Այս համատեքստում միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտություն է»,- շեշտել է նա։

Վարչապետ Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ «չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի կառավարությունն ընդունել է խաղաղության օրակարգ»։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, դա ոչ միայն նպատակ է, այլ նաև միջոց է տարածաշրջանի ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button