ԿարևորՔաղաքական

Բանակցությունները Վաշինգտոնում շարունակվում են

Արդեն երրորդ օրն է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են Վաշինգտոնում: Բանակցությունների ընթացքի մասին տեղեկությունը սահմանափակ է, իսկ վերլուծաբանները հույս են հայտնում, որ դրանք չեն տապալվի։

ԱՄՆ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը՝ մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մասին հարցին: Պետքարտուղարոթյան ներկայացուցիչը շեշտում է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար, որն ըստ նրա՝ հնարավոր է այս երկու պետությունների միջև։

Փոխխոսնակը հրաժարվել է որևէ այլ տեղեկություն տրամադրել այս առիթով՝ հաշվի առնելով, որ բանակցությունները ընթացքի մեջ են, սակայն ընդգծել միայն, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել գործընթացում:

Արդեն երրորդ օրն է Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք կամփոփվեն այսօր՝ մայիսի 4-ին, իսկ ձևաչափի մասին դեռևս չկա վերջնական տեղեկատվություն: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ չի բացառվում, որ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի ամփոփիչ բանակցություններին մասնակցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Իսկ մայիսի 3-ին, Վաշինգտոնում կայացել է եռակողմ հանդիպում արտգործնախարարներ Միրզոյանի, Բայրամովի ու Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև:

Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում: Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային դեր ունի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների ստեղծման համար», ասված է Սալիվանի գրառման մեջ:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ցեկուտան մեծ հույսեր է կապում այս բանակցությունների հետ:

«Երկար ժամանակ հույսեր կային այս գործընթացում ԱՄՆ պետքարտուղարի անձնական ներգրավվածության վերաբերյալ, ինչը պետքարտուղար Բլինքենն իրականցրեց և իրականացնում է հենց այս պահին: Ուստի գտնում եմ, որ այս բանակցությունները կարող են առաջ շարժվել, և հսկայական նշանակություն ունենան ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Սա իսկապես շատ կարևոր է»,- ասում է նա:

Նախկին դիվանագետը կարևորում է, որ ձեռք բերված համաձայնությունները ընդունելի լինեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար:

«Կարևոր կետերից մեկն այն է, որ երկու երկրներում էլ մարդիկ իրենց զգան ապահով և անվտանգ: Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև 30 տարուց ավել հակամարտության մասին է։ Խաղաղության համաձայնագիրը կարևոր և վճռորոշ քայլ է, բայց իրականում խաղաղություն հաստատելու համար մի փոքր ավելին կպահանջվի: Երկու կողմերի միջև վստահություն ձևավորելու համար անհրաժեշտ է ժամանակ»,- ասում է նա:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Կարդացեք նաև

Back to top button