ԿարևորՎերլուծական

Թուրքիան վրեժխնդիր է լինում Հայաստանից՝ խաղարկելով ավիացիոն քարտը

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների` երրորդ երկրներ թռչող ինքնաթիռների համար։ Փաստը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և հիմնավորել՝ պատճառը հայկական կողմի սադրանքներ են։  Սադրանք ասելով՝ Չավուշօղլուն նկատի ունի «Նեմեսիսի» հերոսների արձանի բացումը Երևանի Օղակաձև զբոսայգում։ Այս հիմնավորումը մասնագետներն առնվազն տարակուսելի են համարում և արձանագրում՝ ավիացիան նույնպես քաղաքական գործիք է դարձել Անակարայի ձեռքում։

Մայիսի 2-ին FlyOne Armenia ավիաընկերությունը չեղարկել էր Երևան-Փարիզ-Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել էր իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը, անդրադառնալով այս փաստին, ասել է։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ FlyOne Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Չեղարկումն իրականացրել են առանց նախապես իրազեկելու՝ ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ»։

Ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտնել է նաև, որ 80 ուղևոր չի կարողացել թռչել Փարիզ, ընկերությունն աշխատանքներ է տանում նրանց կրած վնասները փոխհատուցելու համար։

Թուրքական կողմը ավիաընկերությանը պաշտոնապես բացատրություն չի տվել։  Բացատրությունը հնչել է ավելի ուշ և ավելի բարձր մակարդակով։  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում ասել է, որ  Թուրքիան փակել է իր օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Ըստ Չուվուշօղլուի՝  այլ որոշմամբ Անկարան պատասխանում է Երևանի սադրանքներին։

«Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ շարունակվում են սադրանքները»,- ասել է թուրք պաշտոնյան:

«Սադրանք» ասելով՝ Չավուշօղլուն նկատի է ունեցել օրերս Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացումը: Հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

«Մենք չենք ընդունում նման սադրանքները։ Ի պատասխան ահաբեկիչների հուշարձանի բացմանը, Թուրքիան փակել է երկինքը հայկական ինքնաթիռների համար։ Բացառության կարգով մենք թույլտվություն ենք տվել Հայաստանի խորհրդարանի նախագահի Թուրքիա այցի համար։ Եթե նման գործողությունները շարունակվեն, ապա կհետևեն նոր քայլեր»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Պատմական հիշողության հետ կապված երևույթի համար Հայաստանի նկատմամբ, ըստ էության, պատժամիջոց կիրառելու հիմնավորումը տարակուսանք է առաջացնում՝ ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ու հավելում՝  փաստը ևս մեկ անգամ ահազանգում է, թե ում հետ գործ ունենք։

«Թուրքիան այնպիսի պետություն է, որն ունի իր շահերի մասին իր պատկերացումները և ոչ մի բանի առջև կանգ չի առնում՝ դրանք իրականություն դարձնելիս։ Հնարավոր չէ Թուրքիային, այսպես ասած, համոզել, որ հրաժարվի իր մոտցումերից, ինչքան էլ որ Թուրքիայի հետ «լավ խոսենք»։   

Այդուհանդերձ, Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունները պետք է շարունակվեն՝ առանց մեծ պատրանքների և մեծ զիջումների։ Բանակցելուց հրաժարվելով՝ ոչինչ չենք շահի, բայց պետք է կոշտ ասել, որ արարքն անընդունելի է, ու դա պետք է ցույց տալ նաև միջազգային հանրությանը՝ հավելում է  թուրքագետը։

«Ներկայացնես, որ դու քո պատմական հիշողության հետ կապված արարողություն ես անում, արձան ես բացում, իսկ հարևան երկիրը դրա փոխարեն դիմում է պատժամիջոցների։ Ընդ որում՝ խոսքը գնում է հանցագործների մասին, որոնք հանցագործ են ճանաչվել հենց թուրքական դատարանի կողմից, որոնք 20-րդ դարի առաջին և ամենախոշոր ցեղասպանություններից մեկն են իրականացրել։ Այնպես որ, Թուրքիայի կողմից այս քայլը պետք է ոչ միայն Հայաստանի կողմից պաշտոնապես շատ կոշտ հակազդեցություն առաջացնի, այլ նաև հնարավոր բոլոր միջոցներով պետք է աշխարհին ներկայացվի»։   

Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ Թուրքիան փակում է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Ապրիլի 29-ին էլ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են FlyOne Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթերն իրականացնելու համար։ Փարիզ-Երևան օդանավը հարկադրված վայրէջք  էր կատարել Քիշնևի օդանավակայանում։

Ավիացիոն փորձագետ Հակոբ Ճաղարյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցնում է, որ իրավական առումով Հայաստանը 2020 թվականի մայիսի 15-ից Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սև ցուցակում է։ Նույն թվականի սեպտեմբերից Թուրքիան, հիմնվելով ԵՄ այդ որոշման վրա,  իրավական պատրվակներով էր արգելել  հայկական ավիաընկերությունների թռիչքը Թուրքիայի  օդային տարածքով։

«Հայկական ընկերությունները իրենց կոդով Թուրքիայի տարածք չեն մտնում։ Ավիացիոն իշխանությունների երեսից, ստիպված են դեպի Եվրոպա իրենց գործընկերների միջոցով թռիչքներ կատարել։ Հայտարարությունը, թե՝ երրորդ երկրներ մեր տարածքով թույլ չենք տա, դա քաղաքական բլեֆ է»։    

Ավիացիոն փարձագետը դատարկ հայտարարություն  է համարում, թե ի պատասխան «Նեմեսիսի» արձանը Երևանում տեղադրելու է Թուրքիան Հայաստանի օդանավերի համար փակել իր օդային տարածքը։ Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կա, որն իր էությամբ, այսպես ասենք,  «փակում է» մնացած բոլոր հուշարձանները՝ նկատում է ավիացիոն փորձագետը։

«Իմ համոզմամբ՝ ավիացիան գործիքակազմ է դարձել քաղաքական խաղում։ Խաղարկվում է ավիացիոն քարտը. Հայաստանը քվեարկեց Ռուսաստանին  ահաբեկիչ երկիր ճանաչելու բանաձևին կողմ ՄԱԿ-ում, Ռուսաստանում վերսկսվեց ին գազի վերանորոգումները, Թուրքիան էլ հայտարարեց մի բան, որը վաղուց ի կատար էր ածվում։ Էսքան բան»։

Ըստ Հակոբ Ճաղարյանի՝ բուն խնդիրը ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության 2020-ի որոշումն է, որից Թուրքիան պարզապես օգտվում է։   

Back to top button