ԿարևորՀասարակություն

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը:

Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքին (1950-ական թթ.), որը կառուցվել է 1950-ական թթ., որպես վարչական շենք: Այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: 1973 թ. տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին:

Հաջորդը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «ԽԱՉՔԱՐ» (1309 թ.) քարակոթողն է, որը նախկինում եղել է վիշապաքար և ըստ խաչքարի հորինվածքի մաս կազմող ծավալուն թվակիր արձանագրության՝ խաչքարացվել է 1309 թ., տեղահանված է և ընկած: Խաչքարի հորինվածքի կենտրոնում հիմնախաչն է, իսկ խաչաթևերի միջակայքում առկա են մեկական փոքր խաչեր, որոնք նվիրված են ընտանիքի առանձին հանգուցյալ անդամներին: Առանձին փոքր, փորագիր խաչեր պատկերված են հորինվածքի չորս անկյուններում և հիմնախաչի տակ:

Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաև Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում և այլուր:

Որպես խաչքարային արվեստի ինքնատիպ օրինակ արժևորվել է Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Ովաննեսի» խաչքարը (XV-XVI դդ.)։ Այն մոխրագույն բազալտե ուղղանկյուն սալ է, որի դիմային հարթության վրա կամարաձև վերնամասով խորադիր խորշում քանդակված է երկճյուղ թևերը հյուսկեն, եռաբողբոջ զարդերով հարդարած հիմնախաչ։ Խաչաթևերի վերնամասում խաղողի ողկույզներ են, իսկ ներքևում մեկական փոքր խաչաքանդակներ։ Նույն գյուղի «Մուրատ Ակոբճանի» արձանագիր տապանաքարը (1552 թ.) նույնպես ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Վերջինս սրբատաշ բազալտե ուղղանկյուն սալ է, որի աջ կողային հարթության վրա պահպանվել է երկու տող արձանագրություն. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱՆՈՅ ՔՅՈԽՎԻ ՈՐԴԻ ՊԷՅ ՄՈՒՐԱՏ ԱԿՈԲՃԱՆԻՆ ԹՎ ՌԱ (1552)»:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «ՀՆՁԱՆ» (XII-XIV դդ.) նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտին, որի ուղղաձիգ կտրվածքը պատահականորեն բացվել էր 2022 թ., հողաբաժանման աշխատանքների ժամանակ:

Քննարկվել են նաև ՀՀ տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 28 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք ըստ սահմանված կարգի՝ կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:                                                       

Ներկայացվել և հանձնաժողովի անդամների հավանությանն է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր բնակավայրի ԱՄՐՈՑ «Քյոշկ», Ք. ա. V դ.- Ք. հ. VII դ., XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 9.1.2) (Հ) հուշարձանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու  ծրագիրը:

Back to top button