
Երևանի կենդանաբանական այգին բացեց տարեշրջանը։ Գազանանոցի այսօրվա խնդիրներին բացման արարողության ժամանակ անդրադարձել է կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը։ Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան ասել է, որ այգին տարածքի խնդիր չունի, բայց ունի շենքերի ու կոմունիկացիաների վերանորոգման խնդիր։ Կենդանաբանական այգու տարածքն այս պահին 35 հեկտարից մի փոքր ավելի է, կենդանիներով զբաղեցրած տարածքը՝ 25 հեկտար։ Այգում բնակվում է 146 տեսակ կենդանի՝ շուրջ 720 առանձնյակ։
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը այգու հնարավոր տեղափոխման մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից։ Հիշեցնենք՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու արտահերթ նիստում հայտարարել էր, որ «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում մտադիր են նոր կենդանաբանական այգի կառուցել, որը կունենա անտառապատ կանաչ գոտի։
Ասլանյանն ասում է, որ այդ հարցը չի քննարկվել անգամ այգու կառավարման խորհրդի անդմաների հետը, ուստի նա ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է մտադրությանը և ոչ թե հաստատված ծրագրին։ «Ենթադրում եմ , որ ընդհանուր քաղաքի էկոլոգիական զարգացման ծրագրի համատեքստում է հայտարարվել»։
Բայց տնօրենը հիշատակում է տարբեր երկրների փորձը, երբ կենդանաբանական այգի ունեցող քաղաքն ընդլայնվում է, և անհրաժեշտություն է առաջանում ձևափոխելու նաև այգու տարածքը։
«Աշխարհում կան շատ օրինակներ, Բեռլինի, Մոսկվայի, Պրահայի կենդանաբանական այգիները, որտեղ այգին, որպես պատմամշակութային արժեք պահպանվում է, փոխարենը, որպեսզի կենդանիների համար ապահովեն մեծ ազատավանդակներ, քաղաքին հարակից բացվում են «սաֆարի պարկերի» նման տարածքներ, որտեղ տեղափոխվում են խոշոր կենդանիները, որոնք կարիք ունեն ազատավանդակների: Այսինքն՝ մի լուծումը մյուսին չի բացառում: Կարելի է գտնել փոխզիջումային որոշումներ և հարցը չդնել տեղափոխել-չտեղափոխելու ձևով»:
Երևանի կենդանաբանական այգու տարածքն այս պահին 35 հեկտարից մի փոքր ավելի է, կենդանիներով զբաղեցրած տարածքը՝ 25 հեկտար։ Այգում բնակվում է 146 տեսակ կենդանի՝ շուրջ 720 առանձնյակ։ Աշոտ Ասլանյանն ասում է, որ այգին տարածքի խնդիր չունի։ Ավելին՝ սպասում են նոր բնակիչների՝ փոխանակումների ձևով, առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտության․
«Օրինակ, մտադիր ենք բերել սպիտակապոչ գնու, աֆրիկյան 1-2 անտիլոպներ, բորենիանման շներ։ Այս պահին բարեգործ Առաքելյանների կողմից նվեր ենք ստացել մեկ էգ վագր։ Իսկ փոխանակման ծրագրով ձեռք ենք բերել մեկ երիտասարդ արու վագր»։
Տնօրենը նշում է, որ կենդանիների անկման դեպքերը 7 տոկոսի չեն հասել, և դա նորմալ է ու բնական։ «Կենդանաբանական այգիների համար մոտավորապես 10 տոկոս անկումը համարվում է նորմայի սահմաններում, քանի որ կենդանիները ծերանում են, հիվանդանում են, որոնք հնարավոր չէ բուժել: Նաև արուների միջև մրցակցության արդյունքում ևս վնասվածքներից կենդանիները կարող են մահանալ»:
Աշոտ Ասլանյանը վստահեցնում է, որ կենդանաբանական այգում ընթացիկ աշխատանքները առաջ են գնում նախանշված ծրագրով։ Իսկ առաջնահերթն իրենց համար շենքերի ու կոմունիկացիաների վերանորոգումն է։




