
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչում նա հենացատկի վարժությունում վաստակեց 15.166 միավոր։ Արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ դարձել էին մեդալակիրներ:
Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել էր 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել էր լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել էր նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր էր հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես էր եկել նաև Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։




