ԿարևորՔաղաքական

Փարիզը դատապարտում է Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը և աջակցում խաղաղության գործընթացին

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը և հայտարարում, որ նման գործելաոճը խոչընդոտում է բանակցություններին։

Նախարարը եռօրյա պաշտոնական այցով է տարածաշրջանում։ Նա նախ եղել է Բաքվում, ապա այցելել է Երևան։ Մինչև ասուլիսը Կոլոնան եղել է նաև Ջերմուկում։  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։

Ֆրանսիայի ու ԵՄ-ի հիմնական խնդիրը բանակցություններն են, և Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է հայտնում խաղաղության գործընթացին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ Կատրին Կոլոնան՝ ընդգծելով  1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելու կարևորությունը։

«Կայուն խաղաղություն․ ի՞նչ է սա նշանակում: Նախևառաջ՝ խաղաղություն, որ հիմնված է միջազգային իրավունքի հարգանքի վրա։ Պրահայում ԵԽ նախագահը և Ֆրանսիայի նախագահը ջանքեր գործադրեցին, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը մի կարևոր քայլ անեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար ճանաչում են  տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Դա արվեց, և կարծում ենք՝ կարևոր է ամրագրել այս նվաճումը և շարունակել աշխատանքը»։

Բաքուն Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել ու անտեսում է միջազգային հանրության կոչերը։ Լրագրողների հարցին, թե այս պայմաններում ինչ գործնական քայլեր կարող է անել Ֆրանսիան՝ ազդելու Բաքվի վրա, արտգործնախարարը նույն շեշտադրումներով արձագանքեց՝  հիշատակելով  Ալմա-Աթայի հռչակագրին ու խաղաղության գործընթացի կարևորությունը։ Գործընթացի համար, ըստ Կոլոնայի, համառ ջանքեր ու վճռականություն է պետք։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը, արձագանքելով Բաքվի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցում Հայաստանի  ներգրավվածությանը, նկատեց, որ  Լաչինի հարցով բոլոր համաձայնություններն արտացոլված են  2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։  Ավելին, ըստ Միրզոյանի,  Հայաստանը չի պատրաստվում անել։

«Մնացած ամեն ինչ, որ վերաբերվում է և կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ ֆորմատում։ Լաչինի միջանցքում սահմանակետեր տեղադրելու մասին հայտարարություններ Բաքվից եղել են, և ես կրկնում եմ, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»։

Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանել Ադրբեջանից, որտեղ ևս խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման անթույլատրելիության մասին, հիշատակել ՄԱԿ-ի միջազգային դատարանի համապատասխան որոշումը և շեշտել, որ Բաքուն պետք է հաշվի նստի այդ որոշման հետ։

«Կա իրավական փաստաթուղթ՝ դատարանի վճիռ, և Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը»,-հայտարարել է Կոլոնան՝ ընդգծելով Փարիզի ափսոսանքը Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների առումով։ Նա հստակեցրել է, որ միջանցքով ազատ տեղաշարժը կնպաստի փոխադարձ վստահությանը։

Ադրբեջանի իշխանություններն էլ տեղեկացրել  են Ֆրանսիայի արտգործնախարարին, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղադրելով՝ Բաքուն ապահովում է իր ինքնիշխան իրավունքն ու երկրի տարածքային ամբողջականությունը։

Վստահության մթնոլորտի վերականգնման մասին ֆրանսիայի արտգործնախարարը խոսել էր նաև Ջերմուկում, որտեղ այցելել էր սահմանային իրադրությանը տեղում ծանոթանալու համար։

«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։ Այդ իսկ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ։ Առաքելությունը, մեր կարծիքով, շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»։

Ջերմուկում  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

Ըստ ԳՇ պետի՝  2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։

«Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։ 2020 թվականի 44-օրյա  ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։  2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»։

Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը դրական է գնահատում նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

«Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հստակեցրել է, որ  Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։

Նրա խոսքով՝ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։  «Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե մարդկանց թվաքանակը, թե նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Բաքվից հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 ավելի  օր չի փոխանցում իր առաջարկները, ԱԽ քարտուղարը հստակեցրել է․

«Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  այս հայտարարություններով Բաքուն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում։

Back to top button