ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի միակողմանի քայլերն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանի միակողմանի քայլերն անընդունելի են և ոչ մի կերպ չեն կարող նպաստել խաղաղությանը, Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։

«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առկա մարտահրավերների առջև»,-ասել է նա։

«Ֆրանսիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, և Ֆրանսիան դա անում է Եվրամիության, ԱՄՆ-ի հետ միասին՝ համագործակցելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ գործընթացում»,- ասել է Քեթրին Կոլոնան։

Նա ընդգծել է, որ «խաղաղության ճանապարհը դժվար է և հաճախ երկար», բայց հավելել է, որ «դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա հասնել արդար և տևական կայունության, միակ ճանապարհը, որը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների և նրանց բնակչության ապագայի համար»։

«Արդար և տևական խաղաղություն առաջին հերթին նշանակում է խաղաղություն՝ հիմնված միջազգային իրավունքի հարգման վրա»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ կողմերը կարևոր քայլ են կատարել՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որով նրանք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, որը կարևոր սկզբունքներ է բոլոր երկրների համար, նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժի կիրառումից։ Ես դա ասել եմ Բաքվում, այստեղ էլ կրկնում եմ։ Ադրբեջանի առաջխաղացման պայմաններում մենք չենք կարող թույլ տալ անհարգալից վերաբերմունք որևէ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնը կասեինք, եթե դուք առաջ գայինք դեպի ադրբեջանական տարածք։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա կողմերի համար առաջ շարժվելու միակ ճանապարհն է»,- ասել է նախարարը։

«Մենք չենք կարող ընդունել Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միակողմանի քայլերը, և ես դա ասել եմ երեկ Բաքվում»,- հայտարարել է նա։

Back to top button