ԿարևորՀասարակություն

Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը:

Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:

Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը: Համալիրի նախնական կառույցը համարվում է 5-7 դարերի Սբ Սարգիս մատուռ-դամբարանը, որը հետագայում՝ 10-11-րդ և ավելի ուշ դարերում վերակառուցումների է ենթարկվել:

Նիստում քննարկվել է նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտում գտնվող, Գորկի փողոց № 30 հասցեի շենքի ուժեղացման և լրակառուցման էսքիզային նախագիծը: Նշված հուշարձան-շենքը կառուցվել է 1880-ական թթ՝ որպես ժողովրդական տուն, գտնվում է թեք տեղանքի վրա՝ իր ժամանակին բնորոշ ճարտարապետաշինարարական ոճով:

Քննարկված հաջորդ հարցը ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծն էր, որը պատվիրվել է պետության կողմից: Վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում: Նախագծով առաջարկվում է կենտրոնական գմբեթավոր կառուցվածք ունեցող գլխավոր եկեղեցու՝ Սբ Նշանի և 1889 թ. կառուցված միանավ դահլիճ տիպի, կիսաքանդ Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնում:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոցի Գորկի փողոց № 30 հասցեի շենքի ուժեղացման և լրակառուցման և ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագծերը միաձայն արժանացել են հավանության:

Back to top button