Դպրություն

«ԴիջիԿոդ». թվային կրթությունը՝ ապագայի զարգացման երաշխիք․ «Դպրություն»

Ամփոփվել է «ԴիջիԿոդ 2023» ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլը։ Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

«ԴիջիԿոդ 2023» ծրագրավորման պատանեկան մրցույթի շնորհիվ բացահայտվում են հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաները և նոր հնարավորություններ ստեղծվում նրանց հետագա մասնագիտական զարգացման համար։ Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի։

Արտաշատի թիմ Վերգինե Հարությունյան

«Արդեն 1 տարի է, ինչ գործում է Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիան։ Եվ մենք «ԴիջիԿոդ2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթին մասնակցում ենք առաջին անգամ։ Ուրախությամբ նշեմ, որ մեր գրանցած հաղթանակը շատ կարևոր է մեզ համար, քանի որ առաջին անգամ մասնակցելով՝  դեռ ծանոթ չէինք, թե ի՞նչ չափանիշներով է իրականացվում մրցույթը։ Փորձի պակասը մեզ շատ էր կաշկանդում, բայց գրանցեցինք հաղթանակ, ինչը շատ ոգևորիչ էր», – ասում է Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Վերգինե Հարությունյանը։

Էջմիածնի թիմ Արևիկ Առաքելյան

««ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորմանը մենք մասնակցում էինք 4-րդ անգամ։ 3 տարի անընդմեջ հաղթանակ ենք ունեցել։ Մեզ մոտ երեխաները սովորում են 10 տարեկանից մինչև 18 տարեկան։ Ունենք տարբեր ծրագրեր՝ «Արմաթ»–ի շրջանակներում  և դրանից դուրս։ Հիմնականում, ցանկացած մրցույթից առաջ, փորձում ենք հավաքել թիմ, տեղի է ունենում մտքերի փոխանակում, երեխաները ընտրում են գաղափարները, քննարկելուց հետո սկսվում է աշխատանքը։ Խաղի բարդությունից է կախված աշխատանքի տևողությունը։ Սովորաբար տևում է 1 կամ 1.5 ամիս։ Հետո արդեն ստանում ենք արդյունքը՝ այն ինչ ունեցանք», – ասում է Էջմիածնի Ինովացիոն կենտրոնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Արևիկ Առաքելյանը։

«Մենք ստեղծել ենք խաղ, որի անունն է ինտերակտիվ անգլերեն, նպատակ ունենալով մեր հասակակիցներին սովորեցնել օտար լեզու՝ ռուսերեն և անգլերեն։ Խաղը ստեղծել ենք ես և իմ ընկերուհին», – ասում է Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Անահիտ Այվազյանը։

«Մենք որոշեցինք ստեղծել Ինտերակտիվ անգլերեն նախագիծը, քանի որ դպրոցում ես և ընկերուհիս՝ Անահիտը, դպրոցում ավելի շատ սիրում էինք անգլերեն և ռուսերեն առարկաները։ Ուստի որոշեցինք ստեղծել այնպիսի մի ծրագիր, որի միջոցով ավելի հեշտ կուսուցանվի անգլերենը և ռուսերենը», – ասում է Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Իռեն Բադալանը

««ԴիջիԿոդ 2023» հանրապետական մրցույթին մասնակցելու ենք ոչ թե մեր պատրաստած ծրագրով, այլ հենց տեղում ենք ծրագիր գրելու։ Այս անգամ հանրապետական փուլում ավելի կբարդանա մարզային փուլի և մարզային եզրափակիչ փուլի հետ համեմատ։ Եվ ասեմ, որ այս մրցույթին մասնակցում էին ոչ միայն «Արմաթ» լաբորատորիաների սաները, այլ  նաև «Արմաթ» չհաճախողները։ Այս տարի նրանց թիվը շատ էր, քանի որ տեղեկացված էին։ Սա շատ լավ հնարավորություն է դպրոցականների համար՝ իրենց գիտելիքները ցույց տալու», – ասում է Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արամ Մանուկյանը։

«Ես կարողացա թիմակցիս հետ ստեղծել բավականին լավ խաղ, որը հաղթեց մարզային փուլը։ Խաղը կոչվում է «Կախարդանքի պահապանները» և ունի բավականին ուսուցողական բնույթ։ Բացի նրանից, որ աշխատել ենք դիզայնի և կոդերի վրա, նաև միտքն ենք շատ կարևորել, որի շնորհիվ էլ ունեցանք հաղթանակ։ Խաղը հիմնականում սովորեցնում է բարություն և խաղի բոլոր փուլերում էլ անդրադառնում ենք բնության պահպանությանը», – ասում է  Էջմիածնի Ինովացիոն կենտրոնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Գայանե Բաղդասարյանը։

Back to top button