ԿարևորՔաղաքական

Կատրին Կոլոննայի այցը տարածաշրջան. ինչպե՞ս է արձագանքում պաշտոնական Փարիզը ֆրանսիացի սենատորների պահանջին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը մեր տարածաժրջանում է լինելու։ Նա կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան։

Հայ–ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր քննարկելու առիթ եղել էր նաև մի քանի օր առաջ, երբ Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքէջում այսօր կոչ-ուղերձ է հրապարակվել, որով ամփոփվել են այցի արդյունքները։  

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Երևանում կլինի ապրիլի 27-ին։  Կոլոննան Երևան կժամանի Բաքվից։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հաղորդելով Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ ապրիլի 26-ից 28-ը մեր տարածաժրջան այցի մասին, նշել է.

 «Այս այցով Ֆրանսիան ընդգծում է իր հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև արդար, կայուն խաղաղության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա բանակցություններ անցկացնելուն։ Նաև կոչ է անում երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով»։

Կատրին Կոլոննան նախ կայցելի Ադրբեջան, ապա՝ Հայաստան և Վրաստան։ Ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։

Ֆրանսիացի նախարարի երևանյան այցի օրակարգում հանդիպումներ են նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Կոլոննան կայցելի նաև Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, ապա Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Ֆրանսիայի արտգործնախարարը Վրաստան կայցելի ապրիլի 28-ին։ Այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումներում նա աջակցությունը կհայտնի օրենքի գերակայության և քաղաքացիական տարածքի պահպանման ոլորտում բարեփոխումներին, որոնք ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կարևոր քայլեր են երկիրը Եվրամիությանը մոտեցնելու հարցում»։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն ապրիլի 23-ին այցելել էր Լաչինի միջանցք և որոշակի եզրահանգումներ արել։ Բրունո Ռըտայոն Տեղ համայնքում համայնքապետի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարություն էր արել այցի վերաբերյալ.

«Մենք եկել ենք այստեղ պահանջելու անհապաղ վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ազատելով Լեռնային Ղարաբաղի անկլավում սարսափելի պայմաններում հայտնված 120.000 հայերին և վերականգնել Հայաստանի հետ կապը։ Ի՞նչ իմաստ ունի ոգեկոչել 1915 թ․-ի ցեղասպանությունը, եթե աչք ենք փակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկական և կրոնական զտումների վրա»։

Ուշագրավ է, որ Կատրին Կոլոննայի տարածաշրջանային այցին համընթաց պատվիրակության նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձ է հրապարակվել, որում ամփոփվել են ապրիլի 23-ին Տեղ համայնք պատվիրակության այցի արդյունքները։ Ուղերձում մասնավորապես ասված է.

«Մենք մտավախություն ունենք, որ ադրբեջանական զորքերի կողմից անցակետի ստեղծումը Լեռնային Ղարաբաղ տանող նոր ճանապարհի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա, որը դրված է ռուսական խաղապահ ուժերի պատասխանատվության ներքո, կարող է լինել ինչ-որ լայնածավալ գործողության նախերգանք, ինչը կհանգեցնի Լաչինի միջանցքի անշրջելի փակմանը»։

Մինչ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցելում է Հարավային Կովկասի երեք երկրներ, Սենատի անդամները կոչ են անում Ֆրանսիային խստորեն դատապարտել միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Նրանք Եվրամիությունից պահանջում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այդ կապակցությամբ Սենատի անդամները ափսոսանք են հայտնում երկակի ստանդարտների համար՝ դատապարտելով Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համաձայնագիրը:

Նրանց կարծիքով եվրոպական և ժողովրդավարական այն արժեքների նմանությամբ, որոնք պաշտպանվում են ռուս-ուկրաինական հակամարտություն համատեքստում, Ֆրանսիան պետք է նույն եռանդով պաշտպանի նաև Հայաստանի ինքնիշխանությունը և հայ ժողովրդի իրավունքները։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ֆրանսիացի սենատորները նշել են.

«Մարդասիրական այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար Սենատի պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման անհրաժեշտությունը, որն ուղղված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը և 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի հարգմանը»։

Տեղին է պահանջել միջազգային արդյունավետ միջդիրքային ուժի ստեղծում և իր սահմանների հարգման և ինքնապաշտպանության նպատակով Հայաստանին միջոցների տրամադրում՝ ֆրանսիացի խորհրդարանականների կոչ-ուղերձը եզրափակել է բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Back to top button