
Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին և ի աջակցություն ու համերաշխություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի:
Համաժողովի բանախոսների շարքում են եղել հեղինակավոր պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուկլերը, Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս-Պո համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Էնսելը, հայտնի ֆրանսահայ պատմաբան Ռեյմոն Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և այլք:





Համաժողովի ավարտին եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:
Կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հայոց ցեղասպանության անպատժելիության և ներկայումս Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակի պատճառահետևանքային կապը։ Շեշտվել է, որ թե՛ Հայոց ցեղասպանության և թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի 120 հազար հայ բնակչության շրջափակման հիմքում հայ ժողովրդի հանդեպ իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությունն է։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրել է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։
Համաժողովին ներկա են եղել բազմաթիվ խորհրդարանականներ, օտարերկրյա դեսպաններ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։




