ԿարևորՔաղաքական

Լաչինի անցակետից մինչև Տոնոյանի առաջարկ. խորհրդարանում սպասողական տրամադրություններ են

Ռուս խաղաղապահները ադրբեջանական և արցախյան կողմերի հետ քննարկում են  Հակարիի կամուրջը բացելու հարցը։ Արդեն երեք  օր շարունակվող բանակցությունները, սակայն, որևէ արդյունքի  դեռ չեն հանգեցրել։

Թե ինչպես կավարտվեն այդ քննարկումները, դժվարանում են  կանխատեսել նաև խորհրդարանում։ Իշխանության ներկայացուցիչները շեշտում  են, որ խնդիրը ռուս խաղաղապահների իրավասության տիրույթում է։  Ընդդիմադիրները նկատում  են, որ անցակետ տեղադրելու որոշումն անակնկալ է եղեն նաև  ռուսական կողմի համար՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր բացառել  Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հնարավորությունը։

ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի գործողությունները։  Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Լաչինի միջանցքը վերահսկելու պարտականությունը ստանձնած կողմն ավելի քան 24 ժամ հետո արձագանքեց Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրման գործողություններին։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ են ընթանում բանակցությունները Հակարիի կամուրջը բացելու շուրջ։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ։

Ունեցած տեղեկությունները համադրելով՝  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը եզրակացնում է․

«Ընդհանուր տպավորությունս այն է, որ ՌԴ-ն առհասարակ տեղյակ չի եղել Ադրբեջանի նախաձեռնությունից։ Սա միայն եռակողմ փաստաթղթի խախտում չէ․ ակնհայտ է, որ խախտվել է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն, և դրանից ելնելով՝ Ռուսաստանը փորձում է ամեն ձևով տեղում կանխել այդ անցակետի ռեժիմի գործարկումը։ Ադրբեջանի լկտիությունը գալիս է այն հանգամանքից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո այդ դրույթները բազմիցս խախտվել են և որևէ պատշաճ արձագանք չեն ստացել։ Անպատժելիությունը և դրան ոչ համարժեք քայլերն էր, որ Ադրբեջանում սկսեցին կարծել, որ կարող են նաև անցակետ տեղակայել և դա ևս «մարսել»»։  

Համացանցում այժմ մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ ռուս խաղաղապահները Շուշիի տակ զինտեխնիկա են տեղակայում։ Խոսքն այն հատվածի մասին է, որտեղ ամիսներ շարունակ ընթանում էր ադրբեջանական կեղծ «բնապահպանական» ակցիան։ Ընդդիմադիր պատգամավորն ուսումնասիրել է նաև այդ տեսագրությունը։

«Այնտեղ նաև ադրբեջանական ներքին գործերն է գործում, նաև հակատանկային միջոցներ են տեղում տեսանելի, մեծ թվով զորատեսակներ են առաջ քաշված։ Ռուսական կողմը փորձել է խաղաղապահների միջոցով որոշակի ուժ և դիմակայություն տեղում ստեղծել և համենայնդեպս այն աշխատանքները, որոնք, ըստ Ադրբեջանի, ավարտվել են երկու օր առաջ, փաստացի չեն ավարտվել, և այդ անցակետը իր ռեժիմով չի գործում։ Այս պահին դեռ պարզ չէ, թե գործընթացը ինչ ուղով կընթանա։ Դժվար է ասել, թե վերջնական արդյունքում մենք կունենանք անցակետ, թե հնարավոր կլինի քաղաքական ճանապարհով գնալ հանգուցալուծման և մնա այն ռեժիմը, որը մինչև այդ գործել է»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը դեռևս չի շտապում կանխատեսել, թե ինչ հետևանքների կհանգեցնի  Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու քայլը։

 «Անցակետի տեղադրումը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում։ Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան։ Հայաստանի գործողությունների ամբողջ ծավալը չեք կարող ճեպազրույցի ընթացքում ստանալ»։

Ադրբեջանի իրական հավակնությունները Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ բացահայտել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը։ Նա հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։ Ադրբեջանցի դեսպանի բացահայտած նախապայմաններում է, օրինակ, Ադրբեջանի տարածքից «անօրինական զինված կազմավորումների» դուրս բերման մասին ձևակերպումը։ Պահանջների մեջ են նաև Ադրբեջանին պատճառված վնասի փոխհատուցման, բարեխիղճ բանակցությունների և սահմանազատման հարցերը։  

Առցանց դիվանագիտությունից Հայաստանում միայն հայտնի է, որ նամակագրության 4-րդ փուլով Բաքվի առաջարկները դեռ քննարկում են Երևանում։ Կետերի բովանդակությունը երբեք չի բացահայտվել։ Չի բացահայտում նաև Անդրանիկ Քոչարյանը։

 «Այդ նամակագրությունը դեռ ընթացքի մեջ է, շարժվում է աջձախ, ճոճանակի պես։ Հիմա պետք է գա ինչ-որ մի կետի, և այդ կետը պայմանավորված է նաև  նրանով, թե  մենք մեր երկրի ներսում ինչքան ամուր և կայուն ենք կանգնած։ Մեր անվտանգային համակարգը միայն Հայաստանը չէ, նաև Արցախն է»։  

Իշխանական պատգամավորն ամեն դեպքում հստակեցնում և ընդգծում է մի նրբություն, որը փոխվել է վերջին շրջանում։

«Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք․ այն, ինչը մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէին կրակում պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, այսօր, եթե իրենք կրակում են, տեսնում եք՝ կրակում են, եթե առաջ մենք ավելի շատ զոհեր էինք տալիս, այսօր այդպես չէ։ Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ, և եթե անում ենք ռեֆորմներ, դա դառնա իրականություն օր առաջ»։

Քոչարյանը չպարզաբանեց, թե ինչու և ինչ դիրքեր են թողնվել  առանց կրակոցի։ Բայց

44-օրյա պատերազմի նոր հանգամանքներ բացահայտելու մասին ակնարկներ արեց։ Դրանք կապված են Քննիչ հանձնաժողովի՝ հարցաքննությունների փուլի հետ։ Վարչապետ Փաշինյանը ցանկություն է հայտնել, որ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային, պատրաստվում է պատմել, թե որն է եղել պատերազմը ավելի շուտ՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառը, երբ  Շուշին դեռ Արցախի վերահսկողության տակ էր: Ըստ Փաշինյանի՝ առաջարկներից ելնելով՝ դեռ այն ժամանակ ճշգրիտ կանխատեսում էր, թե ինչ է լինելու հետո։

«Ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքում դեկտեմբերից ստեղծված վիճակը: Բայց դա չի եղել վերջնական պատճառը այդ օրը որևէ թուղթ չստորագրելու։ Ես քննիչ հանձնաժողովում կասեմ նաև, թե  որն է եղել դրա պատճառը»։

Հանրային և բաց քննարկում-հարցաքննությունն է ակնկալում նաև 1 տարի 7 ամիս ազատազրկված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Կալանավայրից նա նամակ է հրապարակել և առաջարկել իր եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին։

«Մենք քննարկման փուլ անցնում ենք, և գուցե այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանը արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք։ Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ»։

Թեև ընդդիմադիրները հատուկ առաջարկ են ստացել մասնակցել Քննիչ հանձնաժողովի հետագա նիստերին, բայց Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ իրենց դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, շարունակում են վերապահումով վերաբերվել կառույցի աշխատանքին։

Կարդացեք նաև

Back to top button