ԿարևորՀասարակություն

Թաուասիֆ բինթ Համիդը Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի իսլամական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնի մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը։

Ermenihaber.am-ի հետ զրույցում սաուդ մագիստրոսը խոսել է թեմայի ընտրության պատճառների, Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության և այլ հարցերի մասին:

— Հարգելի՛ Թաուասիֆ, վերջերս Դուք պաշտպանել եք Ձեր մագիստրոսական թեզը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Կպատմե՞ք մի փոքր՝ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս թեման:

— Հայոց ցեղասպանության թեման հայտնի է որպես շատ զգայուն թեմա, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը և զբաղեցրել միջազգային կոնֆերանսների և համաձայնագրերի հարթակները հատկապես Մեծ Բրիտանիայում՝ մասնավորապես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918թ.-ին:

Մեծ Բրիտանիան ընդդիմադիր դիրքորոշում ուներ միջազգային հանրության շրջանակներում Հայկական հարցի ի հայտ գալով դեռևս 1877թ.-ին: Որպես գերտերություններից մեկը, որը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով՝ Մեծ Բրիտանիան, իհարկե, ուներ ռազմական և քաղաքական դիրքորոշում, ինչի հետ կապված շատ իրադարձություններ և վերջնարդյունքներ մեկնաբանվել են այս ուսումնասիրության (հեղինակի մագիստրոսական թեզը) շրջանակներում՝ զերծ լինելով իրենց շուրջ ստեղծված պատմական հակասություններից:

Ելնելով այս ամենի կարևորությունից՝ թեմայի ընտրության պատճառները եղան.

1. Հայկական ջարդերի նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության վերաբերյալ մասնագիտացված քննադատական և վերլուծական ուսումնասիրությունների սակավությունը, հայկական ջարդերի նկատմամբ բրիտանական դիրքորոշման դրդապատճառների շուրջ հակասությունների առատությունը և երկիմաստությունը, ինչը ես ստիպված էի պարզաբանել և մեկնաբանել՝ ըստ տարբեր աղբյուրների։

2. Այս թեմային անդրադառնալու ցանկությունս էր լրացնել Եվրոպայի պամության շուրջ նախորդ ուսումնասիրությունները, որոնք ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն ապագա սերունդների համար անաչառ մեկնաբանելու տեսանկյունից:

3. Բացի այն, որ Մեծ Բրիտանիան, լինելով դարաշրջանի ժամանակակիցը և ղեկավարելով այդ ժամանակաշրջանի պատմական բոլոր իրադաձությունները, թեման ընտրելու դրդապատճառներից մեկը կարևոր փաստագրական նյութերի և արտասահմանյան աղբյուրների առկայությունն է, հատկապես սպաներին և զինվորականներին վերաբերող փաստաթղթերը, որոնք կապված էին 1915թ. հայկական ջարդերի հանդեպ Մեծ Բրիտանիայի քաղաքականության և, առհասարակ, նրա քաղաքականության ավելի լայն ասպեկտների հետ:

— Սաուդյան Արաբիայում որքա՞ն է ուսումնասիրված Հայոց ցեղասպանության թեման: Ակադեմիական և գիտական շրջանակներում կա՞ հետաքրքրություն Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրման նկատմամբ:

— Համաշխարհային պատմության նկատմամբ, իհարկե, հետաքրքրությունն ավելի խոր և լայն առումով է, սակայն գիտական հետազոտությունը հաճախ հետազոտողների ընտրությունից և նախասիրություններից է կախված:

— Իսկ ի՞նչ մակարդակի վրա է հանրային իրազեկվածությունը Սաուդյան Արաբիայում: Ձեր կարծիքով՝ այս համատեքստում ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը և հայ ժողովուրդը:

— Իհարկե, Սաուդյան Արաբիայի ժողովրդի՝ հատկապես մտավորականների շրջանում կա իրազեկվածություն ցեղասպանության մասին: Հայաստանը պետք է արդյունավետ դերակատարություն ունենա իր հարևանների հետ բոլոր վեճերը հաղթահարելու գործում՝ խելամիտ և իրատեսորեն վերաբերվելով այն ամենին, ինչը սպառնում է իր շահերին և աճին՝ քաղաքական, տնտեսական և միջազգային ասպարեզում, և ավելի շատ դասեր քաղի պատմությունից: Հայաստանի պատմությունը լի է դասերով։

— Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում, այլև հետևողականորեն շարունակում է ժխտել և պայքարել ճանաչման գործընթացի դեմ: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Թուրքիայի անպատժելիությունը չի խրախուսում նրա այդօրինակ վարքագծի շարունակականությունը նաև այլ երկրներում՝ ինչպես օրինակ Սիրիայում և Իրաքում:

— Կարծում եմ՝ դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև ուրիշ երկրներին։  Այո՛, միանշանակ։

— Ինչպես գիտենք, Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Առաջիկայում հնարավոր համարու՞մ եք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս գործընթացում:

— Ինչպես վերը նշեցի, ղեկավարությունը շատ բաց է արտաքին աշխարհի առաջ, և մեր թագավորն ու թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը հզոր և պատմական տեսլական ունեն արտաքին քաղաքականության ոլորտում: Ուստի, չեմ բացառում, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապագայում կլինեն դիվանագիտական հարաբերություններ։

Back to top button