
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու 4 փորձ է եղել․ առաջին երեքը ձախողվել են, չորրորդը դեռ ընթացքի մեջ է։ Տարիներ շարունակ հայ ժողովուրդը ձգտել է հասնել պատմական արդարության, Թուրքիան դա ընկալել է որպես սպառնալիք։ Այդ ամենը կողմերի համար ձևավորել է որոշակի նախապայմաններ՝ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Պաշտոնական Երևանն այժմ նոր բովանդակությամբ է փորձում շփումներ հաստատել Անկարայի հետ։ Սակայն, այստեղ էլ Հայաստանի ներսում են նկատում, որ կառավարության ծրագրում նշվածը չի համապատասխանում գործողություններին։
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման 4-րդ փուլի պատասխանատու ներկա կառավարությունը իր ծրագրում նշել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:
Ո՞րն է ճանաչման և հաշտեցման սահմանը․ այս հարցի պատասխանը դեռևս գտնված չէ։
Տարիների ավանդույթով ապրիլի 23-ին Հայաստանում այրվում է Թուրքիայի դրոշը, իսկ Թուրքիայի պաշտոնյաների, մասնավորապես, արտգործնախարարի համար սովորական է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը։ Նախորդ տարի Ուրուգվայում էր Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցույց տվել։
Ահա այսպիսի պայմաններում է նախաձեռնվել հայ-թուրքական հաշտեցման հերթական փորձը։ Գործող իշխանությունները հույս ունեն, որ այս խնդիրը լուծելով կմնան պատմության մեջ։ Համենայնդեպս Թուրքիայում երկրաշարժի օրերին Մարգարայի կամրջի ժամանակավոր վերագործարկումը Հայաստանից ուղարկվող մարդասիրական օգնության համար, ամիսներ առաջ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանին նման հույս տվել էր։
«Ճանապարհ է, որը ոչ միայն սիմվոլիկ նշանակություն ունի, նաև քաղաքական նշանակություն ունի, նաև հետագայի հետ կապված։ Կարծում եմ, պատմության մեջ գրվելու է, եթե ստացվի իհարկե, եթե կամքը լինի»։

«Ցեղասպանության ճանաչում» եզրույթը, թեև որպես նպատակ գոյություն ունի թե՛ Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում, թե արտգործնախարարության պաշտոնական կայքում, բայց տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հաճախականությունը, կարծես նվազել է։ Ըստ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքի այս տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր ընդունել է Մեքսիկայի Սենատը։ 2022-ը այս առումով նույնպես առատ չէր, իսկ 2021-ին տեղի ունեցավ այն, ինչ տարիներ շարունակ սպասում էին հայերը․ Միացյալ Նահանգների նախագահը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց Հայաստանում ընդդիմադիրները գոհ չեն գործընթացից։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հղում է անում կառավարության ծրագրին․
«Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հիշատակում կատարողականի մեջ առհասարակ չկա։ Չնայած, որ կառավարության ծրագրում այն նշված էր, որպես առաջնահերթություն։ Ես չեմ անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունները նկարագրող հատվածին, որովհետև այն, ինչ զեկույցում ներկայացվում է որպես առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց, իրականում թուրք—ադրբեջանական բոլոր նախապայմանների փաստացի կատարման ճանապարհային քարտեզ է»։
Հայաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը ընդհանուր առմամբ երկու հեռախոսազրույց են ունեցել և մեկ անգամ հանդիպել են Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները նախորդ տարի հանդիպեցին 4 անգամ։ Հաշտեցո՞ւմ, թե՞ ճանաչում հարցին Փաշինյանը պատասխանել էր դեռ մեկ տարի առաջ․
«ՀՀ-ն երբեք «Հայ դատի» քաղաքականություն չի վարել։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի և տարածքային հավակնություններ չունի։ Ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը։ Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ի վերջո, պետք է խոստովանել, որ այդ գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»։
Հաշտեցման և ճանաչման ընդհանուր եզրերը, ինչպես նաև հիմնախնդիրների հաջորդականությունը չեն կարողանում գտնել նաև վերլուծաբանները։ Նրանցից ոմանք կարծում են, որ ամեն դեպքում հարաբերությունների հաստատումը բերելու է իրավունքների կամ նպատակների չեղարկման, քանի որ հիմքում տեսնում են նախապայմաններ։ Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի քողարկված նպատակները հասկանալու համար խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ թե իշխող, այլ մյուս՝ հատկապես մարգինալ կուսակցությունների դիրքորոշումներին․
«Իրական նպատակների հիմնական էությունը այն է, որ պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրվի, պետք է պարտադրվի, որ Հայաստանը գնա զիջումների այն խնդիրներում, որոնք մենք տասնամյակներբ շարունակ լսել ենք Թուրքիայից որպես նախապայմաններ։ Առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանության բնագավառում։ Թուրքիայի ղեկավարությունը, օգտագործելով խաղաղասեր հռետորաբանությունը, փորձում է մոլորեցնել և՛ աշխարհի, և՛ տարածաշրջանի պետություններին, և՛ Հայաստանին։ Հայաստանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ չի ճանաչում հայ-թուրքական ներկայիս սահմանը։ Մյուս կողմից հասարակության մի ստվար հատված ընկալում է այդ սահմանը որպես անարդարացի։ Քանի որ Կարսի պայմանագիրը հիմնվում է Մոսկվայի պայմանագրի վրա, իսկ Մոսկվայի պայմանագիրը, երբ ստորագրվել է, չի մասնակցել Հայաստանից ոչ մի ներկայացուցիչ։ Այնպես որ Հայաստանից անկախ, առանց մասնակցության, որոշվել է Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ։ Դրա համար դա ընկալվում է որպես անարդարացի»։
Պատմական արդարությունը վերականգնել ցանկացողներին հաշտեցման կողմնակիցները ներկայացնում են Հայաստանը զարգացնելու տեսլականը։ Հայաստանի զարգացումը թույլ չտալու թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի հակափաստարկներին, որպես պատասխան, ներկայացնում են տարբեր տնտեսական հաշվարկներ։
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հայ-թուրքական միջպետական հարաբերությունները կարգավորելու 4 փորձ է արվել։ Առաջին երեքը ձախողվել են հենց նախապայմանների պատճառով, այժմ ընթացքի մեջ է 4-րդ փորձը։ Վերլուծաբաններն այս դեպքում հորդորում են հաշվի առնել նաև տարածաշրջանային և աշխաարհաքաղաքական փոփոխությունները։ Ճանաչումը և հաշտեցումը համատեղելու լավագույն «դեղատոմսը» աշխարհին տվել է թերևս Գերմանիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ առերեսվեց ու նաև ընդունեց իր գործած ոճրագործությունը հրեաների հանդեպ։




