
ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի ԱԺ քննարկմանը։ Ընդունվելու դեպքում օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցումը։
Զինվորական ծառայության անցնելու համար նախատեսված է 6 ամիս ծառայության ժամկետ։
«Կին զինծառայողների դեպքում չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ ծառայությունից արձակման հիմքերը և տարկետումը, քանի որ 6 ամսվա շրջանակներում որևէ իմաստ չկա։ Մինչև զորակոչման օրը նրանք կարող են հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից, կծառայեն ուսումնական զորամասերում»,- նշեց Պապիկյանը։
Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար։
Եթե կամավոր է, ապա ինչո՞ւ է կոչվում պարտադիր, վարչապետի հարցին իր պատասխան, նախարարը մանրամասնեց․ «Կամավոր է լինելու մինչև զորակոչվելու ժամկետը, դրանից հետո 6 ամիսը դառնում է պարտադիր»։
Ըստ Փաշինյանի՝ այս փոփոխությունն իրականացվում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակներում։
«Կանայք կարող են զորակոչվել և պարտադիր 6 ամիս ծառայել, սա գուցե օրենքի նախագծի մեջ չկա, բայց այդ ծառայությունը լինելու է նորմալ, դա չի լինելու զբոսանք զորամասում։ Կանայք պետք է դառնան զինվորական ծառայության լիարժեք մաս»,- ասաց վարչապետը:




